Քարոլինայի ինստիտուտի եւ Սալգրենսկի ակադեմիայի հետազոտողները գտել են մի նյութ, որը կարող է նվազեցնել ոգելից խմիչքի նկատմամբ ձգտումը ու ապագայում ընդգրկվել ոգելից կախման դեմ դեղամիջոցի բաղադրության մեջ:
Նրանց իրականացրած երկու առանձին հետազոտությունները ցույց են տվել, որ OSU6162 այսպես կոչված դոֆամին – կայունացուցիչը կարող է նվազեցնել ոգելից խմիչքի նկատմամբ մարդկանց ձգտումը եւ փորձառնետների ուղեղում կարգավորել դոֆամինի մակարդակը, որը պատասխանատու է պարգեւատրման համակարգի համար:
«Մեր հետազոտությունների արդյունքները հեռանկարային են հարբեցողության բուժման տեսակետից , բայց մինչեւ շուկային պատրաստի դեղամիջոց առաջարկելը դեռ երկար ճանապարհ կա անցնելու, - հայտնել է փիլիսոփայության դոկտոր եւ Կարոլինյան ինստիտուտի կլինիկական նեւրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Փիա Սթինսլենդը: Հարբեցողության պատճառով սոցիալ տնտեսական հսկայական ծախսեր են արվում, էլ չասենք մարդկանց տառապանքների մասին: Դա մեզ ոգեշնչում է շարունակել մեր աշխատանքը»:
OSU6162-ի հետազոտության հիմքում այն իմացությունն է, թե ինչպես է ուղեղի պարգեւատրման համակարգը մեզ խրախուսում, որ մենք առաջնորդվենք մեր սեփական գոյատեւման շահերով: Եվ այսպես դոֆամինը ( այն դասվում է այսպես կոչված ուրախության, բավականության, ուրախության ու էլֆորիայի հորմոնների շարքին) բարեկեցության զգացողություն է ստեղծում, երբ օրինակ համեղ կերակուր ենք ուտում: Հիշողությունը կապակցում է այդ երկու իրադարձությունները, դրա համար էլ մենք ձգտում ենք նորից ուտել այդ նույն մթերքները: Հարբեցողության դեպքում էլ է նույնը կատարվում: Բայց երբ մարդը ավելի հաճախ է գինովցած լինում, պարգեւատրման համակարգը կորցնում է իր զգայունությունը ու ավելի քիչ դոֆամին է արտադրվում: Ժամանակի ընթացքում մարդը սկսում է ավելի շատ խմել, որպեսզի բավականություն զգա:
OSU6162-ի հետազոտության ընթացքում մասնակիցների կեսը (հետազոտությանը մասնակցել է 56 հարբեցող) երկու շաբաթ բուժվել են այդ նյութով, իսկ մյուս կեսը պլացեբո է ստացել: Դրանից հետո երկու խմբեն էլ ենթարկվել են զանազան իրավիճակային փորձությունների, երբ ոգելիցի նկատմամբ ձգտման առաջացումը շատ հավանական էր: Պարզվել է, որ փորձարարական խմբի կամավորները ավելի քիչ ձգտում են զգացել ոգելիցի նկատմամբ՝ որպես կանոն սահմանափակվելով մեկ բաժակով: Եվ նույնիսկ այդ մեկ բաժակ խմիչքը նրանց առանձնահատուկ բավականություն չի պատճառել, ինչը չի կարելի ասել պլացեբո ընդունած մասնակիցների մասին:
Դե իսկ առնետների վրա կատարված փորձը թույլ է տվել հասկանալ OSU6162-ի ներգործության մեխանիզմը: Առնետները մի ամբողջ տարի կամավոր օգտագործել են ոգելից խմիչք: Ինչպես եւ ակնկալվում էր, նրանց մոտ դոֆամինի մակարդակը նվազել էր: Սակայն երբ «սպիրտով հագեցած» առնետներին բուժել են OSU6162-ով, նրանց ուղեղի պարգեւատրման համակարգում դոֆամինի խտությունը սկսել է կարգավորվել:
«Դրա համար էլ մենք համարում ենք, որ OSU6162-ը կարող է նվազեցնել ոգելիցի նկատմամբ մարդկանց կախումը՝ նրանց վերադարձնելով բնականոն կյանքին: Այդուհանդերձ, ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ են անհրաժեշտ», - ասում է բժիշկ Սթինսլենդը:






