Ամենահասարակ առօրյա վիրահատությունները մոտ ապագայում կարող են անհնարին դառնալ ողջ աշխարհում տարածվող հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառով, զգուշացնում են հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի մասնագետները։
Հետազոտողներն, իրենց խոսքով, բացահայտել են աղետալի ապացույցներ այն բանի, որ մանրէածին ինֆեկցիաների կենսականորեն կարեւոր բուժումը աստիճանաբար անարդյունավետ է դառնում հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառով:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության համաճարակի պատճառով քաղցկեղով հիվանդների, կեսարյան հատում տարած կանանց եւ անգամ հասարակ վիրահատությունների ենթարկված հիվանդների մոտ կարող են մահացու ինֆեկցիաներ զարգանալ։ Փորձագետները կարծում են, որ եթե խնդիրը շտապ կարգով լուծում չստանա, վիրաբուժության եւ քիմիաթերապիայի տարածված շատ ձեւեր ուղղակի անարդյունավետ կդառնան։
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառը դրանք ամենուր, հաճախ առանց անհրաժեշտության օգտագործելն է եւ մանրէների աստիճանական էվոլյուցիան։
Ավելի քան 40 տարի տեւած հետազոտությունը պարզել է, որ հետվիրահատական ինֆեկցիա ունեցող հիվանդների կեսը չի կարողացել բուժվել ստանդարտ հակաբիոտիկների միջոցով։ Նույն բանը կարելի է ասել կեսարյան հատում տարած եւ ինֆեկցիայով վարակված կանանց 39 տոկոսի դեպքում եւ քիմիաթերապիայի ենթարկված հիվանդների 27 տոկոսի դեպքում։
Հաշվարկների համաձայն, եթե հակաբիոտիկների արդյունավետությունը հետագայում մոտավորապես 1/3-ով պակասի, դա ԱՄՆ-ում կհանգեցնի լրացուցիչ 120 հազար ինֆեկցիայով վարակվելու դեպքերի եւ 6300 մահվան դեպքերի։ Բժիշկները կարծում են, որ շուտով հիվանդները կարող են մահանալ անգամ սովորական քերծվածքներից եւ առօրեական վիրահատություններից հետո մանրէներով վարակվելու պատճառով։






