Դաշտանադադարի տհաճ հետեւանքները բուժելու նպատակով կիրառվող հորմոնափոխարինող թերապիան (ՀՓԹ) անվտանգ է, իսկ այս թերապիայի առավելություններն ավելի շատ են, քան թերությունները: Այս մասին հայտնում են New York University համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքներն են ներկայացրել Բալթիմորում՝ American Society for Reproductive Medicineգիտաժողովում:
Ըստ վիճակագրության՝ կանանց մոտավորապես 25 տոկոսը դաշտանադադարից հետո խուսափում է հորմոնափոխարինող դեղորայք ընդունել՝ վախենալով իր առողջության վրա դրանց բացասական ազդեցությունից: Իսկ հիմա գիտնականները ապացուցել են, որ ՀՓԹ-ն անվտանգ է, ու կանանց համար նախընտրելի է հորմոնային հաբեր ընդունել, քան համակերպվել դաշտանադադարի տհաճ ախտանիշների՝ օրինակ գիշերային քրտնարտադրության բարձրացման, առհոսումների ու տրամադրության փոփոխությունների հետ:
Այս հետազոտությանը մասնակցող կանանց թիվն այդքան էլ մեծ չէ, բայց նրանց առողջական վիճակին բավականին երկար ժամանակահատվածում են հետեւել: 10 տարվա ընթացքում 80 կանանց ամբողջ մարմինը ժամանակ առ ժամանակ սքանավորել են, իսկ հետո նրանց տվյաները համեմատել են 56 կանանց հետ, որոնք հորմոններ չէին ընդունում: Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ 25 տարվա ընթացքում ՀՓԹ ստացած կանայք շաքարախտի, սրտի հիվանդությունների, կաթնագեղձի ուռուցքների կամ այլ խնդիրների հետ մյուսներից ավելի հաճախ չեն բախվել:
Դաշտանադադարը կանանց մոտ սկսվում է մոտավորապես 50 տարեկանում, ու շատերի մոտ այն առաջացնում է ընկճախտ, գլխացավեր ու շատ այլ տհաճ ախտանիշներ: Դաշտանադադարը կարող է նաեւ ոսկորների հիվանդությունների ու հիշողության կորստի պատճառ դառնալ: ՀՓԹ շրջանակում նշանակվող դեղամիջոցները թույլ են տալիս հաղթահարել այդ ախտանիշները՝ ավելացնելով օրգանիզմում էստրոգեն հորմոնի պարունակությունը:






