Մարդու աջ ձեռքին 11 եւ ավելի խալի առկայությունը կարող է վկայել մաշկի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի մասին: Այդ մասին տեղեկացնում են Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները:
Եթե մարդու աջ ձեռքին ավելի քան 7 խալ կա, ամենայն հավանականությամբ նրա ամբողջ մարմնի վրա 50-ից պակաս խալ կա: Նրանք, ովքեր աջ ձեռքին 11 խալ ունեն, ամբողջ մարմնի վրա 100-ից ավելի խալ ունեն: Իսկ նման քանակը մելանոմայի զարգացման ռիսկի շատ լուրջ ցուցիչ է, պնդում են հետազոտողները:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ բժիշկները պիտի հաշվեն խալերը՝ այդ ցուցիչի միջոցով որոշելով մաշկի քաղցկեղի պրոֆիլակտիկայի արդյունավետությունը:
Նման եզրահանգումներ են արվել իգական սեռի 3594 զույգի հետազոտության արդյունքում, որի ընթացքում Լոնդոնի St Thomas' Hospital հիվանդանոցում հատուկ ուսուցում ստացած բուժքույրերը բծախնդրորեն հաշվել էին կամավորներից յուրաքանչյուրի մարմնի 17 հատվածում խալերի թիվը:
Հաշվի էր առնվել մաշկի ու մազերի տեսակը, աչքերի գույնը, ինչպես նաեւ պեպենների թիվը: Հետագայում արդյունքները ստուգվել են՝ համեմատվելով խալերի մասին այլ կանանց եւ տղամարդկանց վերաբերող տվյալների հետ:
Պարզվել է, որ ձեռքի խալերի թվով իրոք հնարավոր է դատել ամբողջ մարմնի խալերի մասին, ինչը իր հերթին կապված է մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ. չէ՞ որ դեպքերի առնվազն կեսում քաղցկեղը զարգանում է արդեն գոյություն ունեցող խալի հիման վրա:
Այդ հետազոտությունը հրապարակված է British Journal of Dermatology ամսագրում:






