Վիրտուալ լաբիրինթոսի միջոցով հնարավոր է Ալցհայմերի հիվանդությունն ախտորոշել ամենավաղ փուլում՝ դրա առաջին նշանների ի հայտ գալուց էլ առաջ:  Այդ մասին պատմում են գերմանական Նյարդադեգեներատիվ հիվանդությունների կենտրոնի մասնագետները, որոնք Լուկաս Կունցի ղեկավարութամբ հետաքրքիր հետազոտություն են կատարել: 

Գիտնականները 18-30 տարեկան մարդկանց խնդրել են անցնել վիրտուալ լաբիրինթոսով՝ ստուգելու նրանց ուղեղի բջիջների աշխատանքը: Կախված նրանից, թե մարդն ինչպես է հաղթահարել լաբիրինթոսը, հնարավոր է եղել կանխագուշակել նրա մոտ Ալցհայմերի հիվանդության զարգացման բարձր կամ ցածր ռիսկը: 

Հետաքրքիր է, որ Ալցհայմերի հիվանդության զարգացման բարձր ռիսկի ենթակա մարդիկ այլ կերպ էին անցնում իրենց առաջարկվող լաբիրինթոսը, իսկ տարածական նավիգացիայի համար պատասխանատու ուղեղի բջիջները նրանց մոտ պակաս ակտիվ էին: Գիտնականների խոսքով, դա կարող է բացատրել նաեւ այն, թե ձեռքբերովի թուլամտությունից տառապող մարդիկ ինչու են դժվարությամբ կողմնորոշվում տարածության մեջ:  

Հետազոտությանը մասնակցել են առողջ երիտասարդներ, որովհետեւ գիտնականները համոզված են, որ տարածական նավիգացիայի աննշան խնդիրները հնարավոր է նկատել հիվանդության զարգացումից մի քանի տասնամյակ առաջ: 

Ինչպես Science ամսագրում ներկայացնում են հետազոտության հեղինակները, նրանց բացահայտումը կարող է օգնել բարելավել այդ հիվանդության ախտորոշումն ու բուժումը: