2004թ.-ին ուղեղի կաթվածը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտարկմամբ, գլոբալ համաճարակ է ճանաչվել, իսկ երկու տարի անց էլ Ուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունն է հիմնադրվել, որի նախաձեռնությամբ կարճ ժամանակ անց հոկտեմբերի 29-ը Ուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր հայտարարվեց: Ամեն տարի այդ օրը աշխարհի բազմաթիվ երկրներում համաշխարհային հանրության՝ ինսուլտի խնդրի, դրա կանխարգելման եւ առաջին օգնության ցուցաբերման կարեւորության մասին տեղեկացվածության մակարդակի ավելացմանը միտված մի շարք միջոցառումներ են իրականացվում:

Իսկ ի՞նչ է ուղեղի կաթվածը

Ուղեղի կաթվածը կամ ինսուլտն այն վիճակն է, երբ, զարկերակների խցանման կամ արյունահոսության արդյունքում, գլխուղեղին արյան մատակարարման՝ նյարդային բջիջների վնասման կամ մահվան, օրգանի հյուսվածքների վնասվածքի եւ գործառույթների խախտման հանգեցնող խանգարում է առաջանում: Կաթվածը լինում է երկու տեսակի` իշեմիկ եւ հեմոռագիկ:

Ինսուլտն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահացության եւ հաշմանդամացման գլխավոր պատճառներից մեկն է համարվում: Առողջապահության նախարարության տվյալներով, ամեն տարի երկրում գլխուղեղի անոթների ախտահարման ավելի քան հինգ հազար դեպք է արձանագրվում, որոնց կեսը՝ մահվան ելքով: Երկրորդ կեսի պարագայում էլ հիվանդների մեծ մասը այս կամ այն կարգի հաշմանդամություն են ձեռք բերում:

Մասնավորապես, 2014 թվականին Հայաստանում մեծահասակների շրջանում գրանցվել է ուղեղի անոթների հիվանդությունների 6070 նոր դեպք, իսկ այդ հիվանդություններից մահվան դեպքերը 2637-ն են:

Ի՞նչ պետք է իմանալ ինսուլտի մասին

Ինսուլտի առաջացման հավանականություն խթանող մի շարք գործողններ գոյություն ունեն, որոնց մասին «Ուղեղի կաթված. ռիսկի գործոնները» վերտառությամբ հոդվածում կարող եք ընթերցել:

Չեն խանգարի նաեւ տեղեկությունները՝ ուղեղի կաթվածի առաջին նախանշանների մասին՝ իմանալու համար, թե ինչ պետք է անել՝ դրանք նկատելու պարագայում: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ը «Ուղեղի կաթվածի առաջին նախանշանները. ե՞րբ է պետք դիմել բժշկի» վերտառությամբ հոդվածի հրապարակմամբ է հանդես եկել:

«Այս մասին պետք է բոլորն իմանան. ի՞նչ անել ուղեղի կաթվածի դեպքում» վերտառությամբ հոդվածը եւս կարող է օգտակար գտնվել:

Ավելացնենք, որ Հայաստանում ուղեղի կաթվածի բուժման երկու մասնագիտացված կենտրոն է գործում` «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում  եւ «Էրբունի» բժշկական կենտրոնում http://med.news.am/arm/news/2135/nyardabannery-gitazhoxov-en-anckacrel-insulti-buzhman-nor-kentroni-bacmann-yndaraj.html: Հարկ է նաեւ հիշել, որ ժամանակը, երբ հիվանդը մասնագիտացված կենտրոն կհասցվի, եւս շատ մեծ նշանակություն ունի: