Ճապոնիայի Վասեդի համալսարանը Հարուկա Օբոկատայից հետ կվերցնի դոկտորի կոչումը։ Կին գիտնականը սկանդալի կենտրոնում էր հայտնվել STAP ցողունային բջիջների մասին սենսացիոն աշխատանքում կեղծումներ հայտնաբերելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Կիոդո» ճապոնական գործակալությունը։
Օբոկատան դոկտորական թեզը պաշտպանել էր Վասեդի համալսարանում, իսկ հետո շարունակել էր ուսումնասիրել ցողունային բջիջները Հարվարդի համալսարանում եւ Ճապոնիայի RIKEN գիտահետազոտական ինստիտուտում։ Անցյալ տարվա հունվարին նա Nature ամսագրում սենսացիոն հոդված էր հրապարակել այն մասին, որ ինքը բացահայտել է սովորական բջիջները առանց գենետիկ կոդի վրա ազդելու ցողունային բջիջների վերածելու մեթոդը՝ դրանք ենթարկելով թթվային ազդեցության։
Սակայն այդ հետազոտության մեջ բազմաթիվ թերություններ էին հայտնաբերվել, որից հետո Nature-ից հոդվածը հետ էին կանչել, իսկ Օբոկոատան հեռացվել էր RIKEN-ից, քանի որ նա չէր կարողացել կրկնել իր բացահայտումը։ Դա չէր հաջողվել նաեւ մյուս գիտնականներին։ Անցյալ տարվա օգոստոսին հետազոտության համահեղինակ, RIKEN ինստիտուտի առաջատար գիտնական Յոսիկի Սասաին ինքնասպան էր եղել։
Սկանդալային միջադեպը հետաքննելու համար ինստիտուտի նշանակած հանձնաժողովը ենթադրում է, որ «սենսացիոն» բացահայտումը արվել է հավանաբար փորձի ժամանակ սաղմնային բջիջներ ավելացնելու միջոցով։






