Այն մարդիկ, որոնք երիտասարդ տարիքում կանոնավոր կերպով ուտում են մեծ քանակությամբ  մրգեր եւ բանջարեղեն, ծերության տարիներին ավելի քիչ են ենթակա սրտի հիվանդություններ ձեռք բերելու ռիսկին, ցույց է տվել նոր հետազոտությունը։ 

Գիտնականները 18-30 տարեկան 2506 մասնակցի տվյալ են օգտագործել։ 1985-ին տեղեկություններ էին հավաքվել նրանց սննդի եւ առողջական վիճակի մասին։ Մասնակիցներին երեք խմբի են բաժանել՝ կախված նրանց օգտագործած մրգերի եւ բանջարեղենի քանակից։  Այսպես, այդ մթերքների օգտագործման բարձր մակարդակով խմբում մարդիկ միջինը ուտում էին օրական 7-9 բաժին միրգ եւ բանջարեղեն։ Ամենափոքր ցուցանիշ է համարվում օրական  2,5-3 բաժինը։

2005-ին՝ քսան տարի անց մասնակիցները համակարգչային տոմոգրաֆիա են անցել սրտի զարկերակներում կալցիումի կուտակման մակարդակը գնահատելու համար։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ուրիշներից ավելի շատ են մրգեր եւ բանջարեղեն օգտագործել հետազոտության մեկնարկի պահին, 26% -ով պակաս են զարկերակներում կալցիումի կուտակումներ ունեցել այն մարդկանց համեմատ, որոնք այդ մթերքների նվազագույն քանակություն են օգտագործել։ 

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են  Circulation ամսագրում։