Պահպանիչ նյութերը , որոնք օգտագործվում են շամպուններում, լոսյոններում, այեւայրուքի դեմ քսուքներում ու այլ կոսմետիկ միջոցներում, կարող են բաձրացնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը, նախազգուշացնում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները:
Խոսքը պարաբեններ կոչվող պահպանիչի մասին է, որը լայնորեն կիրառվում է դեմքի ու մարմնի խնամքի շատ ապրանքների արտադրությունում:
Գիտնականների խոսքով, պարաբեններն ունակ են նույն էֆեկտն ունենալ, ինչ կանացի էստրոգենները՝ առաջացնելով այն նույն պաթոլոգիաների զարգացումը, որոնք հորմոնալ խանգարումներն են սադրում: Հայտնվելով օրգանիզմի մեջ՝ այդ քիմիական նյութերը խթանիչ ներգործություն են թողնում էստրոգենների ռեցեպտորների, նաեւ էստրադիոլ կոչվող հորմոնի վրա: Հենց էստրադիոլի ակտիվությունն ու հարակից էստրոգենների ակտիվությունն են բժիշկները կապակցում ուռուցքների՝ մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ վերարտադրողական պաթոլոգիաների զարգացման հետ
Գիտնականները նաեւ համարում են, որ պարաբենները կարող են փոխգործողության մեջ մտնել բջիջներում պարունակվող ազդանշանային մոլեկուլների մյուս տեսակների հետ, ինչը նույնպես ավելացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
Հիգիենայի ու կոսմետիկայի արտադրողներն ավելի վաղ վստահեցնում էին, որ իրենց ապրանքատեսակներում պարաբենների պարունակությունը շատ աննշան է՝ քաղցկեղի առաջացման հավանականության վրա ազդելու համար: Սակայն, իրենց նոր աշխատությունում, ուսումնասիրելով կրծքագեղձի քաղցկեղային բջիջների ու երկու տեսակի ռեցեպտորների միջեւ կապը, հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ պարաբենները կարող են բավականին ակտիվ գործել նույնիսկ շատ ցածր չափաբաժինների դեպքում:
«Պարաբենները, ինչպես հայտնի է, նմանակում են էստրոգենների էֆեկտը կրծքագեղձի քաղցկեղային բջիջներում, բայց ոմանք դրանց ազդեցությունը չափազանց թույլ եւ անվնաս են համարում: Սակայն այլ ագենտների հետ համադրությամբ ՝ պարաբենների ազդեցությոնը կարող է ուժեղանալ: Քիմիական անվտանգության թեստերը, որոնք չափում են մարդու բջիջների վրա քիմիական նյութերի ազդեցությունը, գնահատում են միայն առանձին պարաբենների ազդեցությունը՝ անտեսելով այն հանգամանքը , որ պարաբենները կարող են փոխգործակցել բջիջների մեջ գոյություն ունեցող այլ տեսակի ազդանշանային մոլեկուլների հետ և բարձրացնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը»,- նշել են գիտնականները:






