Երեխաները, որոնք մեծանում են՝ շրջապատված տնային կենդանիներով, մասնավորապես շներով, 13 տոկոսով ավելի հազվադեպ են հիվանդանում ասթմայով: Այս մասին պատմել են Ուպսալայի համալսարանի հետազոտողները՝ վերլուծելով ավելի քան մեկ միլիոն շվեդ երեխաների տվյալները:

«Սա կարեւոր է, քանի որ ասթման տարածված խրոնիկ հիվանդություն է, ու ծնողները կարող են անհանգստանալ՝ արդյոք տանը շների ներկայությունը երեխային չի վնասի »,- պատմել է վերոնշյալ համալսարանի համաճարակաբանության կաֆեդրայի դոցենտ Թով Ֆոլը:

Նախորդ գիտական աշխատություններում նույնպես հայտնաբերվել էր կապ ասթմայի զարգացման ու շների կամ գյուղատնետսական կենդանիների ներկայության միջեւ, բայց ստացված արդյունքները բավականին հակասական էին: Մասնավորապես խոսքն այն մասին էր, որ ագարակում անցկացված մանկությունը 50 տոկոսով նվազեցնում է երեխայի մոտ ասթմայի զարգացման հավանականությունը:

Շվեդների հետազոտությունն այսօրվա դրությամբ խոշորագույնն է, դրանում հաշվի են առնվել 2007 թ. հունվարից մինչեւ 2012 թ. սեպտեմբեր ազգային ռեեստրում գրանցված տվյալները: Ստացված արդյունքները հաստատել են կապը տնային շների ու ասթմայի զարգացման հավանականության նվազման միջեւ, բայց դրանք, ցավոք, չեն բացատրել այդ կապի մեխանիզմը:

Ասթման թոքերի խրոնիկ հիվանդություն է, որը առաջացնում է դժվար շնչառություն ու որպես հետեւանք՝ հազի նոպաներ, սուլոցով շնչառություն ու տհաճ ճնշում կրծքի մասում: ԱՀԿ տվյալներով բրոնխային ասթման երեխաների շրջանում առավել տարածված հիվանդություններից է , իսկ ընդհանուր առմամբ դրանով տառապում են աշխարհի 234 մլն բնակիչներ: