Բնության մեջ հետերոսեքսուալ կանայք չկան, պնդում են Էսեքսի համալսարանի գիտնականները։ Իրենց հարյուր տոկոսանոց հետերոսեքսուալ համարող կանայք, նրանց խոսքով, կամ բիսեքսուալ են, կամ լեսբուհի։
Հետաքրքրաշարժ հետազոտության շրջանակում գիտնականները փորձել են պարզել, թե իրականում ինչն է գրգռում կանանց եւ 345 կնոջ տարբեր էրոտիկ նյութեր են ցույց տվել։ Այդ ընթացքում հատուկ սարքը հետեւել է կանանց աչքերին։ Ավելի վաղ՝ այս տարվա ընթացքում գիտնականները պարզել են, որ կապ գոյություն ունի բիբերի լայնացման եւ սեռական գրգռման միջեւ։
Հետազոտությունը ցույց է տվել, որ 100-տոկոսանոց հետերոսեքսուալ կանայք գոյություն չունեն նույնիսկ նրանց մեջ, որոնք իրենց այդպիսին են կոչում։ Իրենց հետերոսեքսուալ անվանող կանայք միանման ուժեղ կերպով գրգռվել էին գեղեցիկ տղամարդկանց եւ կանանց նայելիս։
Իրենց լեսբուհի անվանող կանայք նկատելիորեն ավելի շատ էին գրգռվել՝ նայելով ոչ թե կանանց, այլ տղամարդկանց։ Հետազոտողները ենթադրում են, որ լեսբուհիներն ավելի նման են տղամարդկանց, երբ խոսքը վերաբերում է սեքսուալ գրգռմանը, որովհետեւ վերջիններս բավականին ուղղորդված արձագանք են դրսեւորում իրենց նախընտրած սեռի հանդեպ։
Journal of Personality and Social Psychology-ի հրապարակած հետազոտությունը նաեւ հերքել է այն ընդունված տեսակետը, ըստ որի լեսբուհիներն ավելի առնական են եւ իբր դրա համար նրանց ավելի հեշտ է ճանաչել ըստ հագուստի, սանրվածքի եւ պահվածքի։
Որոշ լեսբուհիներ իրոք էլ ավելի առնական պահվածք ունեն, բայց ոչ բոլոր լեսբուհիներն են այդպիսին։ Հետազոտողները նաեւ ընդգծում են, որ տղամարդկային սեռական արձագանքները պարզ են եւ հասկանալի, իսկ կանանց գրգռումն առեղծված է մնում։






