Մարդու հումորի զգացումի խեղաթյուրումը կարող է լինել տկարամտության նշաններից մեկը, ավելի ճիշտ դրա ճակատաքունքային տարատեսակը, պարզել են բրիտանացի գիտնականները:

48 հիվանդների ընկերների ու ազգականների հարցաթերթիկների վերլուծությունը ցույց է տվել, որ շատերն են իրենց ազգականների մոտ հումորի զգացումի փոփոխություններ նկատել՝ տկարամտության ախտորոշումից մի քանի տարի առաջ: Այս նշաններից մեկն է ողբերգական իրադարձությունների ժամանակ անվայել ծիծաղը:

Հարցման գրեթե բոլոր մասնակիցները հետազոտության ընթացքում հետին թվով նկատել են, որ իրենց ազգականների արձագանքներում փոփոխությունները սկսվել են տկարամտության ախտորոշումից ինը տարի առաջ, հայտնում է BBC News-ը:

Հիվանդներից շատերի մոտ զարգացել է «սեւ հումոր», երբ ծիծաղ են առաջացնում ողբերգական լուրերը կամ էլ սեփական կյանքում կատարվող ոբերգական իրադարձությունները: Նաեւ պարզվել է, որ ի տարբերություն իրենց առողջ հասակակիցների՝ տկարամտությամբ տառապող հիվանդները ֆարսը նախընտրում են երգիծանքին:

Տկարամտության զանազան տեսակներ կան ու ճակատաքունքայինը ամենահազվադեպ տեսակներից մեկն է: Ուղեղի այն հատվածը, որն այն ախտահարում է, պատասխանատու է վարքագծի ու անձնային հատկանիշների համար: Մարդիկ, ում մոտ զարգանում է տկարամտության այս տեսակը, կորցնում են արգելակման մեխանիզմները, դառնում ավելի իմպուլսիվ ու դժվարանում սոցիալական փոխգործունեություն պահանջող իրավիճակներում: