Որքանո՞վ են անվտանգ կրծքի՝ գելով լցված սիլիկոնե իմպլանտները։ Այս մասին կարծիքները տարբեր են, սակայն ճշմարտությունն այն է, որ գիտությունը այս հարցին դեռեւս պատասխան չի գտել։ Ամերիկացի մասնագետներն ասում են, որ ԱՄՆ-ում այդ իմպալնտներն օգտագործվում են ավելի քան 10 տարի, սակայն դրանց անվտանգության գիտական ապացույցներ դեռ չկան։
Brown University School of Public Health-ի մասնագետները ավելի քան 5000 կանանց շրջանում մետաանալիզ են անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ այդ շրջանում գիտնականների հավաքած տեղեկությունը բավական չէ կրծքի իմպլանտների եւ լուրջ հիվանդությունների միջեւ կապի առկայության կամ դրա բացակայության մասին միանշանակ եզրակացություն անելու համար։
Կրծքի վիրահատությունների մեծ մասի համար օգտագործվում են սիլիկոնե իմպլանտներ, որոնք, ի տարբերություն աղի լուծույթ պարունակող իմպլանտների, գել են պարունակում, ինչի շնորհիվ շոշափելիս ավելի բնական են թվում։ Դեռեւս 1992թ. ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության վարչությունը դադարեցրել էր սիլիկոնե իմպալնտների վաճառքը դրանց անվտանգության մասին մտահոգությունների պատճառով։ Սակայն դրանք նորից շուկա էին դուրս եկել 2006թ.։ Մինչ օրս գիտնականները չեն կարողանում հստակ ասել, սպառնում են այդ իմպլանտները կանացի առողջությանը, թե ոչ։
Մի շարք երկրներում կրծքի վիրահատությունը ամենատարածված վիրաբուժական միջամտության ձեւն է։ Անցյալ տարի ԱՄՆ-ում իրականացվել է 286 000 նման վիրահատություն։
Գիտնականների դիտարկումները հրապարակվել են Annals of Internal Medicine գիտական ամսագրում։






