Խոհանոցում չլվացված դանակները, քերիչները կարող են վտանգավոր ինֆեկցիաների աղբյուր դառնալ։ Դրանք վտանգավոր մանրէներ են տարածում սննդամթերքների շրմեջ։ Նման եզրակացության են եկել Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները, որոնք մասնակցել են Food and Drug Administration-ի ֆինանսավորած հետազոտությանը։

Հետազոտողները վաղուց գիտեին, որ խոհանոցում վատ հիգիենան կարող է հանգեցնել տարբեր տեսակի սննդային թունավորումների եւ այլ խնդիրների։ Սակայն մինչեւ վերջերս պարզ չէր, թե խոհանոցային կոնկրետ որ պարագայից են ավելի հաճախ տարածվում վարակները։ Հետազոտողները լաբորատոր պայմաններում մրգերն ու բանջարեղենը վարակել են սննդամթերքում հաճախ հանդիպող այնպիսի ինֆեկցիաներով, ինչպիսին աղիքային ցուպիկն է եւ սալմոնելիոզը։

Նրանք դանակով կտրատել են այդ մրգերն ու բանջարեղենը, եւ դա ցույց է տվել, թե ինչպիսի հեշտությամբ են այդ մանրէները փոխանցվում դանակի միջոցով, եթե այն երկար ժամանակ չեն լվացում, ինչպես հարկն է։ Մյուս փորձը ցույց է տվել, թե ինչպես են այդ մանրէները փոխանցվում քերիչի միջոցով։ Այսպիսով գիտնականներն ապացուցել են, որ դանակներն ու քերիչները կարող են դառնալ խոհանոցում սննդամթերքի վարակման աղբյուր։ Պաթոգենները տարածվում են սեղանի պարագաների միջոցով, եթե դրանք չեն լվացում տաք ջրով։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ  մրգի եւ բանջարեղենի որոշ տեսակներ դանակի միջոցով տարբեր քանակությամբ պաթոգեններ են տարածում։ Օրինակ՝ լոլիկ կտրելիս դանակն ավելի շատ է իր վրա վերցնում դրանք, քան ելակ կտրելիս։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food Microbiology ամսագրում։