Մակհիլի համալսարանի եւ International Parkinson and Movement Disorder Society-ի գիտնականները չափանիշների նոր ցուցակ են հաստատել Պարկինսոնի հիվանդության ավելի վաղ ախտորոշման համար, որը բժիշկները ախտանիշների նմանության հետեւանքով բավականին հաճախ շփոթում են նեյրոդեգեներատիվ այլ հիվանդությունների հետ: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Movement Disorders գիտական ամսագրի կողմից, Պարկինսոնի հիվանդության ախտորոշման բացառիկ չափանիշներ է առաջարկում, որոնք տեսանելի են լինում նույնիսկ հիվանդության վաղ փուլում:
Բոլոր այդ չափանիշները` լաբորատոր հետազոտություններից մինչեւ հիվանդի ֆիզիկական վիճակի գնահատում, թույլ են տալիս բավականին արագ ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը եւ ժամանակին սկսել բուժումը:
Գիտնականները հույս ունեն, որ հիվանդության զարգացման մեխանիզմների ընկալումը կօգնի նաեւ բուժման նոր մեթոդներ մշակել, որոնք կնշանակվեն ամենավաղ փուլում: Այս մեթոդները, իրենց հերթին, կդանդաղեցնեն կամ կդադարեցնեն Պարկինսոնի հիվանդության զարգացումը. ներկայումս, ցավոք, բժշկությունը այդ հիվանդությունից բուժելու միջոցներ չունի. դրա ընթացքը կարելի է սոսկ դանդաղեցնել:
Պարկինսոնի հիվանդությունից բուժման հնարավոր ուղիների հետազոտության ամենահեռանկարային ուղղություններից մեկը համարվում է ցողունային բջիջների օգտագործումը, ինչով զբաղվում են Իրանի Shahid Beheshti University-ի գիտնականները: Նրանք արյան միջից կամ ոսկրածուծից հանում են ցողունային բջիջները եւ դրանցով փոխարինում են վնասված բջիջները: Այս եղանակը ավելի հեռանկարային է թվում, քան դեղային թերապիան, որն ուղղված է դոֆամինի արտադրության խթանմանը, ինչը երբեմն բավականին դժվարությամբ է հաջողվում հենց առողջ բջիջների պակասի պատճառով:






