Օրական երկու–երեք բաժակ սուրճը կարող են նվազեցնել սրտանոթային, նյարդային հիվանդությունների եւ երկրորդ տեսակի շաքարախտի հավանականությունը: Սուրճը նաեւ նվազեցնում է ինքնասպանությունների հավանականությունը: Այս մասին պատմել են ամերիկացի բժիշկները, որոնց հետազոտության արդյունքների մասին հայտնել է Circulation ամսագիրը:

Գիտնականները ընդհանրացրել են ԱՄՆ-ում այս պահին դեռ շարունակվող երեք ծավալուն հետազոտությունների տվյալները. Nurses' Health Study՝ 74 890 կանանց մասնակցությամբ , Nurses' Health Study 2՝ 93 054 կանանց մասնակցությամբ եւ Health Professionals Follow-up Study՝ 40 557 տղամարդկանց մասնակցությամբ: Այդ հետազոտությունների շրջանակում 30 տարվա ընթացքում բոլոր մասնակիցներին յուրաքանչյուր չորս տարին մեկ հարցնում են այն մասին, թե ինչքան սուրճ են նրանք խմում:

Ընդհանուր առմամբ հետազոտության ընդգրկած ժամանակաշրջանում մահացել է 19 524 կին ու 12 432 տղամարդ: Պարզվել է, որ սուրճի սիրահարները նրանց շարքերում շատ ավելի քիչ էին, քան պետք է լիներ պատահական բաշխման տրամաբանությամբ: Որպեսզի սուրճի գործածումը տարանջատվի օրինակ ծխելու կամ ոգելից խմիչք օգտագործելու բացասական ազդեցությունից, գիտնականներն այդ մարդկանց ցուցակից հանել են ծխողներին, ու սուրճի դրական ազդեցությունն առողջության վրա շատ ավելի հստակ է դարձել:

Ինչպես նշել են գիտնականները, առողջության համար օգտակարությունը կախված չէ ըմպելիքում պարունակվող կոֆեինի քանակից, ինչը նշանակում է, որ օրգանիզմին ոչ թե կոֆեինն է օգնում, այլ սուրճի հատիկներում պարունակվող մյուս բնական միացությունները: Բիոակտիվ բաղկացուցիչներն առնվազն նվազեցնում են ինսուլինային դիմադրողականությունը ու մեղմացնում բորբոքային պրոցեսները, նշում է հոդվածի համահեղինակ Մին Դինգը: Սակայն սուրճի բարերար ազդեցության մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար լրացուցիչ հետազոտություններ են պետք:

Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ չի կարելի խոսել սուրճի գործածման ու մահվան միջեւ պատճառահետեւանքային կապի մասին: Ստացված վիճակագրական տվյալներին պետք է զգուշավոր վերաբերվել: Մասնավորապես պարզ չէ, թե հետազոտության մասնակիցների կողմից նշված տեղեկությունները (այսինքն օրական գործածած սուրճի քանակը) որքանով է համապատասխանում իրականությանը: