Հարբեցողության դեմ կիրառվող դեղամիջոցն ունակ է «արթնացնել» քնած վիճակում գտնվող ՄԻԱՎ-ը: Դա կօգնի, որ մյուս դեղամիջոցները ճանաչեն ու ոչնչացնեն պաթոգենը, որը թաքնվում է մարդու բջիջներում:

Խոսքը Antabuse անվանումով դեղամիջոցի մասին է (կա նաեւ նրա ջեներիկը՝ դիսուլֆիրամ) , որը դուրս է քաշում ՁԻԱՀ առաջացնող վիրուսը` չառաջացնելով հիվանդների համար որեւէ լուրջ կողմնակի էֆեկտ, հայտնում է The Lancet ամսագրի հրապարակած հետազոտությունը: Հակավիրուսային թերապիա ստացող ՄԻԱՎ վարակակիրների մոտ, վիրուսը թաքնվում է որոշակի բջիջներում ու այնտեղ «քնում», մակերես դուրս գալով միայն այն ժամանակ, երբ բուժումը դադարում է:

Հենց սա էլ հիմնական խոչընդոտն է, որը թույլ չի տալիս ստեղծել դեղամիջոց, որը կկարողանա ամբողջովին բուժել ՄԻԱՎ վարակը: Բացառված չէ, որ վիրուսն արթնացնելու հնարավորությունը կնպաստի նման դեղամիջոցի ստեղծմանը: Ի դեպ, ՄԻԱՎ քնած վարակն ակտիվացնող դեղամիջոցներ մինչեւ այսօր էլ գոյություն ունեին, սակայն դրանք շատ թունավոր էին մարդու համար:

Մելբուռնի համալսարանի գիտնականների անցկացրած կլինիկական հետազոտությունների ժամանակ 30 մարդ, որոնք գերակտիվ հակառետրովիրուսային թերապիա են անցնում, երեք օրվա ըթնացքում նաեւ դիսուլֆիրամի բարձր չափաբաժիններ են ստացել: Ամենաբարձր չափաբաժինների ժամանակ նրանց օրգանիզմում նկատվել է ՄԻԱՎ –ի ակտիվացման ապացույցներ, ընդ որում կողմնակի էֆֆեկտներ չեն եղել: Կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ դիսուֆիրամը թունավոր չէ ու անվնաս է գործածման համար, հետեւաբար այն կարելի է կիրառել նաեւ ՄԻԱՎ-ի բուժման համար: