Եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչների մոտ մեկ երրորդը գենային այնպիսի տարբերակներ ունի, որոնց պատճառով նրանց համար դժվար է ծխելը թողնել, պարզել են չինացի գիտնականները: Այդ մասին տեղեկացնում է  Translational Psychiatry ամսագիրը:

Մին Լին (Ming Li) եւ իր գործընկերները Չժեցզյանի համալսարանից ուսումնասիրել են  ANKK1 գենը, որը կարգավորում է դոֆամինի արտադրությունը`  «հաճույքի նյարդամիջնորդի», որն ուղեղում առկա պարգեւատրման համակարգի կարեւոր տարր է:   ANKK1 գենի եւ մարդու` ծխելը թողնելու կարողության կապը ստուգելու համար գիտնականները  23 հետազոտության մետա-վերլուծություն են կատարել, այդ հետազոտություններին  11 հազար կամավոր էր մասնակցել: 

Ընդհանուր առումով  կապ հայտնաբերել հնարավոր չի եղել, սակայն սպիտակ մարդկանց վերաբերյալ արդյունքները ավելի հետաքրքիր են եղել: Եվրոպեոիդների գրեթե  70 տոկոսի մոտ հայտնաբերել են A2/A2 գենային տարբերակը, որի կրողների համար  22 տոկոսով ավելի հեշտ է հրաժարվել ծխախոտից, քան նրանց, ովքեր գենի այլ տարբերակներ ունեն   (A1/A1 и A1/A2):

Վերջին երկու տարբերակը նախկինում արդեն կապել էին ճարպակալման եւ թմրամոլության հետ. երեւում է` դրանք ինչ-որ եղանակով մեծացնում են կախվածությունը կործանարար սովորություններից:  

Այդ տարբերակների կրողներին ծխախոտից հրաժարվելու համար ավելի ագրեսիվ ռազմավարություն է անհրաժեշտ եղել, պնդում է Լին: Պարզ չէ նաեւ, թե   ANKK1 գենի զանազան տարբերակներն ինչպես են ազդում այլ ռասաների ներկայացուցիչների վրա: