Կանադայի Տորոնտոյի համալսարանի հետազոտողները գտել են այն սպիտակուցի «անջատիչը», որը հիմնական դերն է կատարում քաղցկեղային հիվանդությունների զարգացման հարցում: Այս հայտնագործությունը իսկական հեղափոխություն է համարվում քաղցկեղի բուժման ոլորտում:
Ras սպիտակուցը պատասխանատու է բոլոր քաղցկեղների 30 տոկոսի համար, իսկ անուղղակիորեն այն մասնակցում է նաեւ բոլոր մյուս տեսակի չարորակ ուռուցքների զարգացմանը: Ավելի քան 30 տարի տարբեր երկրների գիտնականները փորձել են գտնել այս սպիտակուցի վրա ազդելու ձեւեր, ինչը կօգներ ստեղծել քաղցկեղի բուժման նոր մեթոդներ: Եվ միայն հիմա է կանադացի գիտնականներին հաջողվել գտնել այդ ձեւը՝ դրա համար նրանք օգտագործել են մի փորձնական դեղամիջոց:
Գիտնականները պարզել են, որ Ras-ը կարելի է «անջատել» SHP2 սպիտակուցի օգնությամբ: Ավելին, այդ հրաշագործ սպիտակուցը օգնում է ուռուցքները փոքրացնել 80 տոկոսով: Այդ սպիտակուցի հիման վրա ստեղծված փորձնական դեղամիջոցը կարող է իսկական հեղափոխություն դառնալ ուռուցքաբանության մեջ, կարծում են փորձագետները:
Սովորական պայմաններում Ras-ը բջիջների աճ է ապահովում, ինչը շատ կարեւոր է մարդու համար: Բայց այդ սպիտակուցը նաեւ առաջացնում է բջիջների անվերահսկելի տրոհում՝ դրանց մուտացիայի դեպքում: Դրա հետեւանքով Ras սպիտակուցը դառնում է քաղցկեղի շատ տեսակների զարգացման գլխավոր դերակատարը, ընդ որում դրա մուտացիաները պատասխանատու են ենթաստամոքսայի գեղձի ուռուցքների ավելի քան 90 տոկոսի համար, իսկ քաղցկեղի այդ տեսակը հիվանդների ապաքինման ամենացածր ցուցանիշներից մեկն ունի՝ 3 տոկոսից էլ քիչ:
Ինչպես ցույց են տվել փորձերը՝ SHP2 կոչվող սպիտակուցն արդյունավետորեն ճնշում է Ras ը: Գիտնականները ստուգել են SHP2 ինգիբիտորների ներգործությունը գլիօբլաստոմա (ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկը) ունեցող մկների վրա: Փորձարարական դեղամիջոցը 80 տոկոսով փոքրացրել է ուռուցքների չափը, եւ նույնիսկ իրենք հետազոտողներն են այս արդյունքը «ցնցող» անվանել:






