Ստատինների ընդունումը կարող է նվազեցնել ուղեղի աթերոտրոմբոտիկ կաթվածի զարգացման ռիսկը: Այդ մասին տեղեկացնում են Հիրոսիմայի համալսարանի ճապոնացի գիտնականները Մասայասու Մացումոտոյի գլխավորությամբ, որոնք վերջերս հրապարակել են ուղեղի կաթվածի կրկնության ռիսկի վրա ստատինների ազդեցության մասին իրենց հետազոտությունը: 

Ստատինները դեղամիջոց են, որը նշանակվում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար: Կարծիք կա, որ դրանց ընդունումն ի վիճակի է նաեւ  նվազեցնել ուղեղի կաթվածի կրկնման ռիսկը:  Այդ ենթադրությունը ստուգելու համար ճապոնացի գիտնականները հետազոտություն են կատարել, որին   1578 մարդ է մասնակցել, որոնք ոչ կարդիոէմբոլիկ կաթված էին տարել: Հիվանդների մի խմբին պրավաստատին էին նշանակել` ամենատարածված ստատիններից, իսկ հիվանդների երկրորդ խումբը պլացեբո է ընդունել: 

Փորձարկման մասնակիցներին դիտարկել են 5 տարի շարունակ: Ամեն տարի ուղեղի կրկնական կաթված է ախտորոշվել յուրաքանչյուր խմբի մեջ մտնող հիվանդների մոտ  2,6 տոկոսի մոտ:  Նրանց մոտ, ովքեր պրավաստատին էին ընդունել, ուղեղի աթերոտրոմբոտիկ կաթված ի հայտ էր գալիս անհամեմատ ավելի հազվադեպ, սակայն ստատինների ընդունումը ոչ մի կերպ չէր ազդում ուդեղի երկու տեսակների զարգացման հաճախության վրա: 

Հետազոտողները ուշադրություն են դարձնում, որ մի շարք միջազգային հրահանգներ խորհուրդ են տալիս ստատիններ ընդունել ուղեղի կաթվածի կրկնությունը կանխարգելելու համար, սակայն նրանք ընդգծում են, որ ուղեղի կաթվածը հետերոգեն հիվանդություն է եւ այդ դեղամիջոցների ընդունումը ոչ միշտ է արդյունավետ լինում: