Օրական մի քանի ժամ շարունակ հեռուստացույց դիտելը բացասաբար է ազդում մարդկանց մտավոր ունակությունների վրա ու հիմարացնում է նրանց: Այս մասին հայտնում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

1985 թ. սկսած մի խումբ գիտնականներ՝ Քրիսթին Յաֆֆեի ղեկավարությամբ, 25 տարի շարունակ հետեւել են 18-30 տարեկան 3247 մարդու առողջության: Նրանք գնահատել են հետազոտության մասնակիցների ֆիզիկական ակտիվության մակարդակը ու այն ժամանակը, որը նրանք անց են կացնում հեռուստացույցի առաջ:

Փորձի ավարտից հետո մասնակիցները թեստ են անցել, որով պետք է գնահատեին նրանց մտավոր ունակությունները. գիտնականները ուշադրություն էին դարձրել հատկապես նրանց արձագանքելու արագությանը, վերբալ հիշողությանն ու նպատակաուղղված գործունեության ունակությունը:

Մտավոր ունակությունների առավել զգալի վատացումներ են հայտնաբերվել նրանց մոտ, ովքեր երիտասարդ տարիներին օրական երեք ժամից ավելին էին հեռուստացույց դիտել, նաեւ նստակյաց կենսակերպ վարել: Վերբալ հիշողության վրա հեռուստացույցն ու պասիվ կենսակերպը քիչ էին ազդել, բայց ահա ռեակցիայի արագության, սովորելու ու իրենց գիտելիքներն ու հմտությունները նպատակային օգտագործելու ունակության վրա հեռուստադիտումների ազդեցությունը շատ ուժեղ էր:

Այս հետազոտության մասին հայտնում է JAMA Psychaiatry Journal ամսագիրը: