Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները շատ վտանգավոր են երեխաների առողջության համար. Երեխաների թոքերի վրա դրանց ազդեցությունը կարելի է համեմատել ծխախոտի ծխի ազդեցության հետ, պնդում են կալիֆորնիական Բերկլիի համալսարանի գիտնականները: 

Առողջության վրա թունաքիմիկատների ազդեցությունն ուսումնասիրելու համար համալսարանի գիտաշխատողները Սալինասի Մոր եւ մանկան առողջության գնահատման կենտրոնի մասնագետների հետ համատեղ 279 երեխայի մասնակցությամբ փորձարկում են իրականացրել: Բոլոր կամավորներն աշխատում էին Սալինասի հովտում, որտեղ մի քանի ագրոարդյունաբերական համալիր կա եւ ամեն տարի դաշտերը մշակվում են տարբեր պարարտանյութերով եւ թունաքիմիկատներով: 

Երեխաների հետազոտումը ցույց էր տվել, որ նրանց մեծամասնությունը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այսպես, փորձարկման ընթացքում պարզվել էր, որ այն երեխաների մոտ, որոնք   դաշտերի հարեւանությամբ են ապրում, թոքերը   8 տոկոսով ավելի փոքր են, քան իրենց այն հասակակիցների, որոնք այլ շրջաններում են ապրում: Համեմատության համար` ծխախոտի ազդեցությանը ենթարկվող երեխաների թոքերի ծավալը միջինը նվազում է 4 տոկոսով:

Արդյունքները չեն փոխվել նույնիսկ երբ հետազոտողները հաշվի են առել ռիսկի մյուս բոլոր գործոնները, օրինակ` տանը ալերգենների առկայությունը: 

Այս հետազոտությունը ցույց է տվել, որ թունաքիմիկատները բավականին ավերիչ ազդեցություն են ունենում մանկական օրգանիզմի վրա: Ցավոք, առայժմ քչերն են գիտակցում դա, նշում են գիտնականները: