Լեյկեմիայի բուժման նոր դեղամիջոցը կարող է քիմիաթերապիայից ավելի արդյունավետ լինել: Ամեն դեպքում դա են ցույց տալիս վերջին հետազոտության արդյունքները, որն անցկացրել են ամերիկացի գիտնականները: 

Գիտնականները Johnson & Johnson եւ AbbVie ընկերությունների մշակած Իմբրուվիկա (Imbruvica) դեղամիջոցի արդյունավետությունը համեմատել են քիմիաթերապիայի հետ: Հետազոտությանը 65 տարեկանից մեծ, խրոնիկական լիմֆոբջջային սպիտակարյունությամբ տառապող 269 հիվանդ է մասնակցել: 

Յան Բուրգերն ու իր գործընկերները ցույց են տվել, որ այն մարդկանց մեջ, որոնք Իմբրուվիկա են ընդունել, լեյկեմիայից մահացությունը  84 տոկոսով պակաս էր այն հիվանդների ցուցանիշների համեմատ, որոնք քիմիաթերապիայի կուրս են անցել: Դեղամիջոցի կուրսի ընդունումից մեկ ու կես տարի անց հիվանդների   90 տոկոսի մոտ հիվանդության կրկնության ոչ մի նշան չի հայտնաբերվել: 

Իմբրուվիկա ստացած հիվանդների մոտ 86 տոկոսի մոտ ուռուցքի ծավալի առնվազն կրկնակի նվազում է արձանագրվել, իսկ քիմիաթերապիա ստացած հիվանդների` սոսկ 35 տոկոսի մոտ: Նոր դեղամիջոցը ստացած հիվանդների միայն 4 տոկոսի մոտ է լիակատար առողջացում արձանագրվել, քիմիաթերապիա անցած հիվանդների մոտ այդ ցուցանիշը կազմել է 2 տոկոս:

Ինչպես նշել է բժիշկ Ալեսանդրա Տադեսչին, դեղամիջոցը նաեւ զգալիորեն բարելավում է ոսկրածուծի աշխատանքը, ինչը հատկապես կարեւոր է տարեց հիվանդների համար, որոնց մահացության պատճառներից մեկը հենց ոսկրածուծի վատ աշխատանքն է: 

Այժմ դեղագործական ընկերություններն ուզում են Իմբրուվիկա օգտագործելու հավանություն ստանալ քրոնիկական լիմֆոբջջային սպիտակարյունության առաջնային բուժման համար: Առայժմ այն հավանություն է ստացել` օգտագործվելու այն հիվանդների բուժման համար, ովքեր թերապիայի գոնե մի կուրս արդեն անցել են, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ դեղամիջոցի օգտագործումն ի սկզբանե արդյունավետ է եղել: