Կարմրուկը վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է շատ բարձր ջերմաստիճանով, բերանի լորձագեղձերի, վերին շնչուղիների եւ աչքերի բորբոքային գործընթացներով, մաշկի ցանով եւ օրգանիզմի ընդհանուր թունավորմամբ: Կարմրուկն ամբողջ աշխարհում  մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության հիմնական պատճառն է համարվում: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, կարմրուկը, պարզվել է, այլ վտանգներ էլ է պարունակում, որոնց մասին միայն վերջերս է հայտնի դարձել:  Գիտնականները պարզել են, որ եթե մարդը   (բնական ուղիով) վարակվում է կարմրուկի հարուցիչով, հիվանդությունն ամբողջությամբ ոչնչացնում է նրա այսպես կոչված իմունոլոգիական հիշողությունը, այսինքն օրգանիզմի` այս կամ այն իմունային գրգռիչի դեմ իմունիտետ մշակելու կարողությունը: Այսինքն` նոր գրգռիչի բախվելով` օրգանիզմը չի կարող  դրա նկատմամբ իմունիտետ մշակել: 

Ինչպես հայ մասնագետներին պատմել է պատվաստման միջազգային փորձագետ Ֆեդերիկո Մարինիո-Տորեսը, կարմրուկ տարած հիվանդից  2 տարի կպահանջվի, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնել իմունոլոգիական հիշողությունը եւ դարձյալ իմունիտետ մշակել հանդիպող միկրոօրգանիզմների նկատմամբ: Իսկ մինչ այդ օրգանիզմը խոցելի կլինի բոլոր իրեն հայտնի վարակների նկատմամբ: 

Ինչպես նշել է Գայանե Սահակյանը, կարմրուկի հարուցիչի այդ հատկանիշները միայն վերջերս են հայտնաբերվել, եւ հայ մասնագետներն առաջինների թվում էին, որ իմացել են այդ մասին: Շուտով սակայն Իմունիզացիայի գլոբալ կոմիտեն բոլոր երկրներին հայտնել է այդ մասին:  

Հիշեցնենք, որ կարմրուկը կարող է մի շարք բարդացումներ առաջ բերել, մասնավորապես` կենտրոնական նյարդային համակարգի, շնչուղիների եւ աղեստամոքսային տրակտի հատվածներում: