2015-ի նոյեմբերին Հայաստանում 3528 երեխա է ծնվել, որոնցից 1872-ը` տղա, իսկ 1656-ը` աղջիկ: Ինչպես երեւում է թվերից, ամսվա ընթացքում   ծնված տղաների թիվը 216-ով գերազանցել է աղջիկների թվին: Եթե երկրում ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցությունն այսպիսին մնա, ամեն տարի Հայաստանւմ  2592 տղա ավելի կծնվի, քան աղջիկ: Իսկ 7 տարուց առաջին դասարանում տղաների թիվը մոտ  18 000-ով ավելի կլինի, քան աղջիկներինը:

Բնության մեջ միշտ մի քիչ  ավելի շատ տղա է ծնվում: Ինչպես բացատրել է ամերիկյան Վորլդ Վիժն գրասենյակի գենդերային հարցերով  ավագ խորհրդական  Եվա Ավագյանը, նորմա է համարվում, երբ ամեն  100 աղջկա դիմաց 105-106 տղա է ծնվում: Հարցն այն է, որ տղաների կենսունակությունը որպես կանոն մի քիչ ավելի  փոքր է, քան աղջիկներինը եւ տղաների որոշ քանակություն տարբեր պատճառներով մահանում է` չհասնելով սեռական հասունության:  Նման պատճառներից մեկը վտանգավոր պահվածքն է, որն ավելի բնորոշ է տղաներին: Այսպես թե այնպես, եթե մարդը չխառնվի ծնվող երեխաների սեռերի հարաբերակցությանը, սեռական հասունության պահին աղջիկների ու տղաների թիվը մոտավորապես նույնը կլինի, եւ ամեն մեկը տեսականորեն կկարողանա իր համար զույգ գտնել: 

Որոշ երկրներում, սակայն, սեռերի հարաբերակցությունը խախտվում է հղիության սելեկտիվ աբորտների պատճառով: Հայաստանը եւս, ցավոք, այն երկրների թվում է, որտեղ այս պահին ամեն  100 աղջկան մոտ 113-114 տղա է ընկնում: Մասնագետների գնահատականների համաձայն, սելեկտիվ աբորտների հետեւանքով Հայաստանում ամեն տարի չի ծնվում 3000-3500 աղջիկ,  ինչը շուտով կարող է երկիրը ժողովրդագրական աղետի հասցնել. ինչպես նշել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, այսօր արդեն մինչեւ  20 տարեկանների տարիքային խմբում տղաների թիվը  40 000 հազարով գերազանցում է աղջիկների թիվը, իսկ 2060–ին առկա միտումների պահպանման դեպքում մենք 93 000 չծնված աղջիկ կամ ապագա մայր կունենանք: Նույնիսկ միջազգային մասնագետները սելեկտիվ աբորտները համարում են Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը: 

Այդ նույն 18 000 տղայի համար, որոնք կծնվեն առաջիկա  7 տարվա ընթացքում տարիներ անց դժվար կլինի իր համար ընկերուհի գտնելը, չէ ՞ որ այդ ժամանակ աղջիկների թիվն անհամեմատ ավելի փոքր կլինի, քան տղաներինը: 

Ինչպե՞ս կարելի է լուծել Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիրը: Այսօր քննարկվում է սելեկտիվ աբորտն արգելելու օրինագիծը, սակայն շատ մասնագետներ վստահ են, որ սելեկտիվ աբորտների խնդրի միակ լուծումը հասարակության մենթալիտետը եւ աղջիկներին նրա վերաբերմունքը փոփոխելն է: