Ինչպես ցույց է տվել կորեացի գիտնականների հետազոտությունը՝ նոր մոլեկուլը մկների ուղեղում հաջողությամբ ոչնչացնում է այն գնդիկները, որոնք Ալցհեյմերի հիվանդության զարգացման պատճառ են դառնում:
Այս պահին չկա արդյունավետ դեղամիջոց, որն ունակ է պայքարել այդ հիվանդության դեմ՝ գոյություն ունեցող միջոցներն ունակ են ընդամենը թեթեւացնել դրա ախտանշանները, սակայն հետազոտողները շարունակում են մշակել ու փորձարկել նորանոր մեթոդներ՝ հիվանդության կանխարգելման, դանդաղեցման, հետո նաեւ՝ ամբողջովին բուժելու համար:
Ավելի վաղ ապացուցվել էր, որ մոնոկլոնալ հակամարմինների հիմքով պատրաստված ադունկանումաբ դեղամիջոցը արգելափակում է այն գնդիկների (ուղեղում անպիտակ քիմիկատների ու սպիտակուցների կուտակումներ) զարգացումը, որոնք հիվանդների ուղեղում մեծ քանակությամբ են գոյանում: Սակայն այդ դեղամիջոցի ներգործությունը նկատելի է միայն այն դեպքում, եթե բուժումը վաղ փուլերում է սկսվում:
Իսկ հիմա Յոնգսո Քիմն ու նրա գործընկերները՝ Կորեայի գիտության ու տեխնոլոգիայի ինստիտուտից, ցույց են տվել, որ EPPS մոլեկուլն ունակ է ոչնչացնել արդեն գոյացած գնդիկները:
Ալցհեյմերի հիվանդությունով տառապող մկները երկու շաբաթ շարունակ ջուր էին խմում, որի մեջ հավելում էին EPPS: Դրանից հետո հեղինակները երեք ամիս հետեւում էին կրծողներին: EPPS ստացած մկների հիշողությունն ու ունակություններն ավելի լավ էին, քան հսկիչ խմբի կենդանիներինը: Դեղամիջոցը ընդունած կրծողների գլխուղեղում միելոիդ գնդիկների քանակը զգալիորեն կրճատվել էր, ինչը չի կարելի ասել հսկիչ խմբի մկների մասին:
Բայցեւայնպես չնայած հետազոտողների ստացած արդյունքներն իրոք վկայում են դեղամիջոցի արդյունավետության մասին, գիտնականները առայժմ վստահ չեն, որ EPPS-ն կօգնի Ալցհեյմերի հիվանդությունով տառապող մարդկանց, թեկուզ որովհետեւ առայժմ չի հաջողվել ապացուցել, որ ամիլոիդ գնդիկների վերացումը կարող է դանդաղեցնել մարդկանց մոտ հիվանդության հետագա զարգացումը: Ամեն դեպքում, մինչ մոլեկուլը մարդկանց վրա փորձարկելը, գիտնականները դեռ պետք է բազմաթիվ նոր հետազոտություններ անեն կենդանիների վրա:






