Հորմոնային դեղամիջոցների ընդունումը, որոնք հաճախ նշանակվում են շագանակագեղձի բուժման դեպքում, կապված է Ալցհայմերի հիվանդության զարգացման բարձր ռիսկի հետ: Այդ մասին տեղեկացնում է Ստենֆորդի համալսարանի հետազոտական խումբը Նիհամ Շախի գլխավորությամբ: Խոսքը հակաանդրոգենային թերապիայի մասին է, որն անհրաժեշտ է արական հորմոնների արտադրության մակարդակը նվազեցնելու համար:
Գիտնականները վերլուծել են շագանակագեղձի քաղցկեղով տառապող գրեթե 17 000 հիվանդի մասին տվյալները: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր հակաանդրոգենային թերապիայի կուրս են անցել, Ալցհայմերի հիվանդության զարգացման հավանականությունը մեծացել է 88 տոկոսով: Եթե բուժումը մեկ տարուց ավելի էր տեւել, հիվանդության առաջացման ռիսկը կրկնապատկվել էր:
Հեղինակները պարզաբանում են, որ այս հետազոտության արդյունքները պիտի հասանելի լինեն ինչպես բժիշկներին, այնպես էլ հիվանդներին: Նրանք ընդգծում են, որ նման բուժում սովորաբար նշանակում են քաղցկեղի ավելի ուշ փուլում, առայժմ հայտնի չէ` արդյոք ձեռքբերովի թուլամտության զարգացման ռիսկը կապված է քաղցկեղի առաջացման աստիճանի հետ, թե իրականացվող բուժման:
Այս հետազոտության մասին տեղեկացնում է գիտական Journal of Clinical Oncology ամսագիրը:






