Ալերգիայով տառապող երեխաները երլու անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում: Այդ մասին տեղեկացնում են Northwestern University-ի հետազոտողները` Ջոնաթան Սիլվերբերգի ղեկավարությամբ:

Նրանք հավաքել եւ ուսումնասիրել են մինչեւ 17 տարեկան ավելի քան 13 000 երեխայի մասին տվյալներ: Գիտնականները պարզել են, որ ասթմայով եւ խոտի տենդով տառապող երեխաների մոտ բարձր է եղել խոլեստերինի մակարդակը եւ մեծացել է հիպերտոնիայի զարգացման ռիսկը: Այդ ամենը, հետազոտության հեղինակների խոսքով, կարող է սրտի ավելի լուրջ խնդիրների հանգեցնել, երբ երեխաները մեծանան:  

Այսպես, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն կարելի է համարել ոչ միայն ավելորդ քաշը, այլեւ ալերգիկ հիվանդությունները: Գիտնականները ենթադրում են, որ ասթման եւ խոտային տենդը մեծացնում են բորբոքման մակարդակը, ինչը բացասաբար է ազֆում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա: 

Հետազոտողները նշում են, որ դիտարկված փոխկապակցվածության հաստատման համար ավելի լայնածավալ հետազոտություններ են անհրաժեշտ, սակայն այժմ արդեն մանկաբույժները պիտի իմանան, որ ալերգիկ հիվանդություններով երեխաների մոտ սրտի եւ անոթների հետ կապված խնդիրներ ի հայտ են գալիս ավելի հաճախ, քան ալերգիա չունեցողների: 

Այդ հետազոտության մասին հաղորդվում է Journal of Allergy and Clinical Immunology-ում: