Նովոսիբիրսկի պետական համալսարանի շրջանավարտ Իրինա Ալեքսեենկոն քաղցկեղի բուժման նոր դեղամիջոց է մշակել` «ԱնտիօնոկոՌԱՆ-Մ»: Դեղամիջոցն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը կենդանիների վրա փորձարկումներում. նրանց կյանքի տեւողությունն ավելացել է մոտ  90 տոկոսով: Ավելին, նախնական գնահատականների համաձայն, նոր դեղամիջոցը   300 անգամ ավելի էժան կլինի, քան ներկայումս առկա գենային-թերապեւտիկ դեղամիջոցները: 

«ԱնտիոնոկոՌԱՆ-Մ»-ն իրենից ներկայացնում է պլազմային ԴՆԹ, որն իր մեջ երկու գեն է պարունակում` սպանող գեն   HSVtk-ը եւ իմունային համակարգի խթանիչ գեն   GM-CSF-ը: ԴՆԹ-ն ուռուցքին հասցնելու համար տեղադրվում է հատուկ պոլիկատիոնային թաղանթի մեջ: 

«Երբ դեղամիջոցը հասնում է ուռուցքին, HSVtk գենի արդյունքը ներերակային եղանակով հիվանդին տրվող ոչ թունավոր պրոդեղամիջոցը վերածում է թունավորի, որը սպանում է քաղցկեղային բջիջները: Իսկ GM-CSF գենի արդյունքը, իր հերթին, սինթեզվելով ուռուցքի արտաբջջային տարածքում, նպաստում է դեպի ուռուցքը իմունային համակարգի բջիջներին շարժին եւ դրանց ակտիվացմանը, արդյունքում հակաուռուցքային իմունային պատասխան է զարգանում», - Իրինա Ալեքսեենկոն այսպես է նկարագրել դեղամիջոցի գործունեության սկզբունքը:  

Ինչպես տեղեկացրել է ՆՊՀ-ի մամուլի ծառայությունը, նոր դեղամիջոցը մշակվել է ՌԳԱ-ի երեք` գենի կենսաբանության, մոլեկուլյար գենետիկայի եւ կենսաօրգանական քիմիայի ինստիտուտների հիմքի վրա: Այս մշակումն արդեն նախակլինիկական փորձարկում է անցել Պ.Ա. Գերցենի անվան   ՄԳՀՈՒԻ ուռուցքաբանական ինստիտուտում:  Խոշոր կենդանիների մոտ, որոնք ստացել են այս դեղամիջոցը, դիտարկվել է կյանքի տեւողության ավելացում 20–86 տոկոսով, ուռուցքի աճի արգելակում  75–83 տոկոսով եւ մետաստազավորման արգելակում 80–85 տոկոսով` կախված ուռուցքի տեսակից: 

Այժմ գիտնականների խումբը հույս ունի դրամաշնորհ ստանալ «Տեխնոլոգիական նորելուկ ընկերությունների դաշնային արագացուցիչ» մրցույթում, որովհետեւ ֆինանսավորման այլ աղբյուրներ չկան: Եթե կարողանան ստանալ դրամաշնորհը, մոտ ժամանակներս հնարավոր կլինի կլինիկական փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա եւ դեղամիջոցի արտադրություն սկսել: