Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը, որով հաշվում են ողջ մնալու շանսերը: Այդ մասին տեղեկացնում են Duke Cancer Institute-ի գիտնականները:
70 տարեկանից մեծ կանայք շատ լավ են հաղթահարում կրծքի ինվազիվ քաղցկեղը, նույնիսկ եթե տարիքի հետ կապված այլ խնդիրներ ունեն, պնդում են գիտնականները: Այդ հիվանդները լավ են տանում կրծքի քաղցկեղի այնպիսի ագրեսիվ բուժում, ինչպիսին քիմիաթերապիան է:
«Որոշում կայացնելով, թե արդյոք պետք է տարեց կանանց դեպքում պոտենցիալ տոքսիկ կանխարգելիչ քիմիաթերապիա կիրառել թե ոչ, բժիշկները հաճախ երկմտում են, ասել է պրոֆեսոր Գրեթհեն Կիմմիկը, որը ներկայացրել է կրծքի քաղցկեղի վերաբերյալ հետազոտության արդյունքները Սան Անտոնիոյում կազմակերպված գիտաժողովին: Մեր մոդելը, որը մշակել ենք առկա տեղեկությունների հիման վրա, օգնում է ավելի լավ հասկանալ, թե հիվանդները կկարողանա՞ն բավականաչափ երկար ապրել այդ բուժումից օգուտ ստանալու համար»:
Կիմմիկն ու իր գործընկերները օգտվել են կրծքի քաղցկեղի բուժման հետ կապված երկու հետազոտությունների տեղեկություններից: Մեկին 65 տարեկանից մեծ կանայք են մասնակցել, որոնց մոտ համեմատել են կրծքի քաղցկեղի կրկնության կանխարգելման նպատակով քիմիաթերապիայի երկու ռեժիմ, իսկ մյուսում` ավելի երիտասարդ հիվանդներ:
Հետազոտողներին հետաքրքրում էր բոլոր կանանց երկու տարի ապրելու հնարավորությունը: Նրանք նաեւ հաշվի էին առնում կանանց տարիքը եւ ամենօրյա գործառույթներ իրականացնելու, ինչպես օրինակ` լոգանք ընդունելու, խանութ գնալու կարողությունը : Պարզվել է, որ այն կանանց մոտ, որոնք պահպանել էին գրեթե սովորական շարժունակությունը, եւս երկու տարի ապրելու հավանականությունը 95 տոկոս էր:
Հետաքրքիր է նաեւ, որ ePrognosis հանրահայտ ծրագրի համաձայն, քիչ շարժունակ հիվանդների մոտ երկու տարի ապրելու շանսերը 64 տոկոս են, սակայն իրականում 81 տոկոսից պակաս չեն:






