ԱՄԲ-ի (արտամարմնական բեղմնավորման) միջոցով բեղմնավորված երեխայի ծննդից 37 տարի անց այս մեթոդը քոթոթների է կյանք տվել: Փորձարկումն իրականացվել է Կորնելի համալսարանում:
Էգ շան եւ երկու հայր դոնորների սերմնահեղուկից ծնված քոթոներն առողջ են եւ իրենց հրաշալի են զգում (էգի օրգանիզմում ընդհանուր հաշվով 19 էմբրիոն էին տեղադրել):
Շների համար ԱՄԲ-ի մշակումն այդքան երկար տարիներ է պահանջել, որովհետեւ այդ կենդանիների մոտ օօցիտը (չբեղմնավորված ձվաբջիջը) հասունանալու համար ավելի շատ ժամանակ է պահանջում: Միայն պատահաբար, փորձարարական եղանակով էին գիտնականները պարզել, որ ձվաբջիջը էգի օրգանիզմից պետք է մի օր ուշ հանել: Այդ դեպքում բեղմնավորման շանսերը կտրուկ աճել էին:
Բացի այդ, կենսաբանները կռահել էին, թե շան օրգանիզմում ինչպես է հնարավոր հատուկ պայմանների իմիտացիա ստեղծել, որոնք շան սպերմատոզոիդներին նախապատրաստում են բեղմնավորման համար: Դրա համար բջջային նյութին մագնիում էին ավելացրել: Վերջապես էմբրիոնի սառեցումը գիտնականներին հնարավորություն էր տվել սպասել այն պահին, երբ շան վերարտադրողական համակարգը կհասնի շրջափուլի անհրաժեշտ հատվածին (դա տարեկան սոսկ 1-2 անգամ է լինում):
Շների դեպքում ԱՄԲ-ի հաջող իրականացումը գենային ինժեներիայի համադրությամբ հնարավորություն կտա պայքարել ընտանի կենդանիների, ինչպես նաեւ մարդկանց ժառանգական հիվանդությունների դեմ: Հարցն այն է, որ Homo sapiens-ները շների հետ 350 ընդհանուր բնածին հիվանդություն ունեն (ավելի, քան որեւէ այլ կենդանու հետ):
Վերջապես, գիտնականները հույս ունեն, որ ԱՄԲ-ն կօգնի վերացումից պահպանել շների ցեղի անհետացող տեսակները, օրինակ` գուարներին եւ կարմիր գայլերին: Այդ մասին տեղեկացնում է PLoS One ամսագիրը:






