Գիտնականները բացառիկ ժամացույց են հայտնաբերել, որը որոշում է մահվան ժամը` անկախ այն հողի տեսակից, որում հայտնաբերել են դին: Այդ ժամացույցը կազմված է մանրէներից եւ սնկերից, որոնց տարատեսակները անփոփոխ ճշգրտությամբ սկսում են բազմանալ բնական պայմաններում քայքայվող դիակում: Քրեագետների նոր ճշգրիտ գործիքի մասին տեղեկացնում է Science ամսագիրը:
Երբ դին ընկնում է գետին, վայրի բնությունը սննդանյութի հսկայական պահեստանյութ է ստանում` ճարպեր եւ սպիտակուցներ: Այդ ավարի կլանման համար առաջ են մղվում որոշակի մանրէներ, սնկեր եւ նեմատոդներ:
Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանից Ռոբ Նայթը (Rob Knight) եւ իր գործընկերները ցույց են տվել, որ դիակն ուտող միկրոօրգանիզմները, որոնց գիտնականները «նեկրոբիոմ» են կոչել, փոփոխվում են կանխատեսելի եղանակով: Նեկրոբիոմի տեսակային կազմը, միկրոօրգանիզմների հայտնվելու եւ անհետանալու կարգն այնքան միանման են, որ քրեագետները կարող են ճշգրտորեն որոշել մահվան ժամանակը դիակից վերցված այս էակների նմուշի միջոցով:
Այս միկրոօրգանիզմներն առկա են ամբողջ աշխարհի հողերում, սակայն սովորաբար ծայրաստիճան հազվադեպ են հանդիպում: Անմիջապես նրանց վրա մահացած կենդանիները նրանց համար երկնային մանանա են դառնում, եւ այդ օրգանիզմների պոպուլյացիաներն արագ աճում են:
Նոր գործիքը կլրացնի այն քրեագետների զինանոցը, որոնք որոշում են մահվան ժամը: Նրանց ձեռքի տակ արդեն կա հողի քիմիական կազմի անալիզը, մահից հետո ներքին միկրոբիոմի էվոլյուցիան, ինչպես նաեւ դիակային ճանճերի զարգացման փուլերը:






