Սթրեսը կարող է ոչ միայն անքնության, դեպրեսիայի, բարձր ջերմության պատճառ դառնալ, այլեւ զգալիորեն բարձրացնել  ապագայում Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Alzheimer Disease and Associated Disorders  ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:   

Ալցհեյմերի հիվանդությունը ձեռքբերովի թուլամտության ամենատարածված ձեւերից է, որն ուղեկցվում է հիշողության կորստով եւ մտավոր կարողությունների նվազմամբ: Վերոհիշյալ հետազոտության հեղինակները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են  սթրեսի ենթարկվում, երկու անգամ ավելի հաճախ են բախվում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, որոնց թվին է պատկանում Ալցհեյմերի հիվանդությունը: 

Բարեբախտաբար սթրեսը ռիսկի կարգավորվող գործոն է, նշել է հետազոտության հեղինակ բժիշկ Ռիչարդ Լիպտոնը: 

Հետազոտողները վերալուծել են 70 եւ ավելի տարեկան ավելի քան  500 կամավորի վերաբերյալ տվյալներ: Հետազոտության սկզբում նրանցից ոչ մեկը հիշողության հետ կապված չափավոր կոգնիտիվ խախտումներ կամ ձեռքբերովի թուլամտության նշաններ չի ունեցել: Նրանց վիճակին հետեւել են  4 տարի շարունակ: Նրանց կյանքում սթրեսի մակարդակը գնահատել են Perceived Stress Scale-ի (PSS) միջոցով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսի բարձր մակարդակը նկատելիորեն բարձրացնում է հիշողության կորստի հետ կապված չափավոր կոգնիտիվ խախտումների եւ ձեռքբերովի թուլամտության ռիսկը: Սակայն, ինչպես նշում է Քեյթ Ֆարգոն  Alzheimer's Association-ից, այդ հետազոտությունը սոսկ ցույց է տալիս ձեռքբերովի թուլամտության եւ սթրեսի միջեւ որոշակի կապի առկայությունը, բայց չի ապացուցում, թե հենց սթրեսն է հանգեցնում ձեռքբերովի թուլամտության: