Եւս մեկ կետ ավելացրեք այն փոփոխությունների ցանկին, որոնք կարող են տեղի ունենալ Ձեզ հետ հղի ժամանակ՝ երակների վարիկոզ լայնացում, Fox News կայքում գրում է Ջուլի Ռեւելենտը՝ գրող եւ կանացի առողջության հարցերով մասնագետ:

Երակների վարիկոզ լայնացումը բավական հաճախ է լինում՝ կանանց մոտ 55%-ը տառապում է դրանով: Երակների վարիկոզ լայնացումը սովորաբար զարգանում է ոտքերում, սակայն կարող է լինել նաեւ արտաքին սեռական օրգանների շրջանում կամ արտահայտվել թութքի տեսքով:

Հղիության ժամանակ ավելանում է արյան ծավալը եւ մեծացող արգանդի ճնշումը ոտքերի երակների վրա: Հղի կանանց մեծ մասի համար երակների վարիկոզ լայնացումը շատ անհարմարություններ է ստեղծում: Երբ երակներն արտահայտված են դառնում, դրանք կարող են  արյունահոսել, երակի մեջ կարող են գնդեր, կոճերում՝ ուժեղ այտուց առաջանալ, մաշկի գույնը փոխվել: Հեշտոցային ծննդաբերության ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ, եթե երակների լայնացում կա արտաքին սեռական օրգանների շրջանում, ասել է բժիշկ Լուիս Նովարոն՝ Նյու Յորքի Երակների բուժման կենտրոնի տնօրենը:

Երակների վարիկոզ լայնացումը մեծանում է տարիքի հետ, գիրանալու կամ ամեն հաջորդ հղիության հետ: Երակների վարիկոզ լայնացման առաջացման վտանգն ի հայտ է գալիս  նաեւ, եթե Դուք տեւական ժամանակ եք անցկացնում ոտքի վրա կամ ծանրություն եք բարձրացնում:

Երակների վարիկոզ լայնացումը սովորաբար անցնում է ծննդաբերությունից 3-6 ամիս հետո, բայց կա մի քանի բան, որ Դուք կարող եք անել այն կանխելու համար:

Ձախ կողմի վրա քնեք:

Քանի որ ստորին սիներակը մարմնի աջ կողմում է, պառկելով ձախ կողմի վրա՝ Դուք ապահովում եք արյան հոսքը աջ կողմ:

Մարզվեք:

Մարզանքն արյան շրաջանառությունը բարելավելու լավագույն միջոցներից է: Փորձագետներն ասում են, որ հղի ժամանակ չափավոր ծանրաբեռնվածությունն անվտանգ է:

Ոտքերը բարձրացրեք:

Նստեք ամեն 3 ժամը մեկ՝ ոտքերը սրտից վերեւ դնելով և հենելով Ձեզ համար հարմար դիրքով, որպեսզի լավացնեք արյան շրջանառությունը: Փոխեք դիրքը, երբ Ձեզ հարմար չէ եւ աշխատեք ոտքերը չխաչել, ասում է բժիշկ Մերի Ռոսերը՝ Նյու Յորքի Մոնտեֆիորե բժշկական կենտրոնից:

Փորձեք չափից շատ չգիրանալ:

Գիրության պատճառով կարող է երակների վարիկոզ լայնացում լինել: Խոսեք Ձեր բժշկի հետ այն մասին, թե որքան պետք է ավելացնեք Ձեր քաշը:

Խուսափեք փորկապությունից:

Փորկապությունը կարող է մեծացնել երակների վարիկոզ լայնացումը եւ թութք առաջացնել, ուստի շատ ջուր խմեք, սահմանափակեք աղի օգտագործումը եւ կերեք մեծ քանակությամբ մանրաթել պարունակող մթերքներ: Եթե փորկապությունը չի անցնում, կարելի է լուծողականներ ընդունել, դրանք անվտանգ են հղիության ժամանակ:

Էլաստիկ զուգագուլպա կրեք:

Փափուկ էլաստիկ զուգագուլպան կամ սեղմող զուգագուլպան, որը ձգում է կոճերն ու ավելի թույլ է ազդրերի շրջանում, արյունը հետ է ուղարկում դեպի սիրտ: Սակայն եթե Դուք ավելորդ քաշ ունեք, այն կարող է ծնկից ներքեւի հատվածում սահմանափակել արյան շրջանառությունը, ուստի այդ դեպքում հատուկ զուգագուլպա օգտագործեք:

Խոսեք Ձեր բժշկի հետ:

Եթե Ձեր երակները բորբոքված են, եւ Դուք այդ պատճառով Ձեզ վատ եք զգում, տաք կոմպրեսներ դրեք եւ բարձրացրեք ոտքերը: Եվ անպայման բժշկի դիմեք: