Ամերիկյան մասնագետները՝ Intermountain Medical Center–ից, հեպատիտ C -ն բուժելու նոր մեթոդ են գտել։ Ինչպես հայտնում է կենտրոնի մամուլի հաղորդագրությունը, խոսքն այնպիսի դեղամիջոցների մասին է, որոնք ինչպես ցույց է տվել հետազոտությունը, միանգամայն արդյունավետ են։
«Հետազոտության ժամանակ մեզ հաջողվել է ավանդական բուժումից հետո կայունացնել կամ նույնիսկ բարելավել զգալի քանակության հիվանդների լյարդի աշխատանքը», - ասել է հետազոտության համահեղինակ բժիշկ Մայքլ Չառլթոնը, - Մեթոդի արդյունավետության հաստատման համար հետագա երկարատեւ դիտարկումներ են պահանջվում։ Բայց լյարդի բարձիթողի հիվանդությամբ տառապողների մոտ հեպատիտ C -ի բուժման բարձր մակարդակ ապահովելու ունակությունը հույս է նեշնչում, որ մեզ կհաջողվի կրճատել լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների թիվը»։
Բուժման նոր մեթոդը Հեպատիտ C վիրուսը ամբողջովին հեռացնում է օրգանիզմից ու նույնիսկ ունակ է վերականգնել որոշ հիվանդների լյարդի աշխատանքը, հավաստիացնում են գիտնականները։ Դրա համար պահանջվում է 12 շաբաթվա ընթացքում օրական ընդամենը մեկ-երկու հաբ ընդունել, իսկ ապաքինվելու ցուցանիշը, հեղինակների խոսքով, կլինիկական հետազոտությունների ընթացքում 90 տոկոս է կազմել։
Տարիներ շարունակ հեպատիտ C -ի բուժման միակ միջոցը ներարկվող դեղերն են եղել, որոնք ծանր կողմնակի էֆեկտներ էին առաջացնում։ Վաղ թե ուշ մարդուն միեւնույն է լյարդի ներպատվաստում էր պահանջվում։ Վերջին տարիներին հեպատիտի դեմ այլ դեղամիջոցներ էլ են հայտնվել, որոնք շատ արդյունավետ էին, բայց թանկարժեք / մեկ հաբը 1000 դոլար /։
ԱՄՆ գիտնականների ստեղծած նոր դեղամիջոցը հեպատիտ C -ի բուժման համար այլ մեխանիզմ է օգտագործում ու այն առավել արդյունավետ է վիրուսի որոշակի շտամերի դեպքում։ Դեղը ներգործում է նույնիսկ այն հիվանդների վրա, որոնց ցուցված է լյարդի փոխպատվաստում։ Երկուսուկես տարի շարունակված կլինիկական հետազոտությունների ընթացքում ոչ մի հիվանդ չի մահացել՝ չնայած նրանց առողջական վիճակը բավականին ծանր էր։






