Արհեստական եղեւնին կարող է վտանգավոր լինել առողջության համար, հատկապես` տղամարդկանց, պնդում են կանադական Սայմոն Ֆրեյզերի համալսարանի հետազոտողները: 

Հարցն այն է, որ, որպես կանոն, արհեստական եղեւնիները պատրաստվում են թունավոր պոլիվինիլքլորիդից  (այն նաեւ ՊՎՔ են կոչում): Այդ նյութը գազեր է արտազատում, որոնք գրգռում են լորձաթաղանթները: Սակայն հետազոտողները ՊՎՔ-ի եւս մի վտանգավոր հատկություն են հայտնաբերել: 

«Հարցն այն է, որ արտադրողները ջանում են բարձրացնել իրենց արտադրանքի  հրդեհաանվտանգությունը: Այդ նպատակով նրանք նյութին կապարի, անագի կամ բարիումի ֆտալատ են ավելացնում: Նրանք նաեւ ապահովում են պոլիվինիլքլորիդից արտադրանքի փափկությունը, ամրությունը եւ ճկունությունը: Այդ նյութերը վտանգավոր են առողջության համար », - ասել է առողջության եւ շրջակա միջավայրի ամբիոնի պրոֆեսոր Բրյու Լենֆիարը:

Ֆտալատներն արագ ներծծվում են մաշկի միջոցով եւ տարածվելով ամբողջ օրգանիզմում` կուտակվում այնտեղ: Դրանք վնասակար են լյարդի եւ երիկամների, վերարտադրական օրգանների, էնդոկրին եւ նյարդային համակարգի համար:  Համարվում է, որ այդ նյութերը կարող են բարձրացնել ուռուցքային հիվանդությունների, ասթմայի եւ անպտղության ի հայտ գալու ռիսկը. Դրանք նվազեցնում են տեստոսթերոնի մակարդակը` վատացնելով ժայթքող սերմի որակն ու քանակը:  

Ֆտալատների վնասակարությունը պայմանավորված է նրանով, որ դրանք արտազատվում են պլաստիկ նյութերից եւ հայտնվում օդում:  Հենց այդ հատկությունն էլ կարող է փրկել արհեստական եղեւնիների սիրահարների առողջությունը լուրջ հետեւանքներից: Բժիշկները խորհուրդ են տալիս գնումից անմիջապես հետո եղեւնին մի քանի օր պահել բաց օդում  (օրինակ` պատշգամբում), որպեսզի վնասակար նյութերը հնարավորինս գոլորշիանան: Իսկ ավելի լավ է` նախապատվությունը տալ բնական եղեւնուն կամ սոճուն: