Վերջին 25 տարվա ընթացքում գիտնականները սկսել են ավելի լավատեսորեն եւ սենսացիոն եղանակով նկարագրել սեփական գյուտերը: Նման եզրակացության են հանգել հոլանդացի գիտնականները` ուսումնասիրելով բժշկական եւ կենսաբանական հրապարակումները տվյալների PubMed բազայում:
Հոգեբույժ Քրիստիան Վինկերսը (Christiaan Vinkers) եւ իր գործընկերները 25 «դրական» եւ 25 «բացասական» բառով որոնումներ են իրականացրել 1974-ից մինչեւ 2014 թվականը հրապարակված անգլիալեզու հոդվածների անվանումներում եւ ռեզյումեներում: Առնվազն մեկ «դրական» բառով տեքստերի մասնաբաժինը 2 տոկոսից (1974-1980-ականներին) աճել է մինչեւ 17,5 տոկոս 2014-ին: «Բացասական» բառերի համար այդ նույն ժամանակահատվածում աճը կազմել է ընդամենը 1,1 տոկոս: Չեզոք բառերի հաճախությունը չի փոխվել:
Առաջին ցուցակում հայտնվել են այնպիսի բնորոշումներ, ինչպիսիք են «ցնցող», «ապշեցուցիչ», «վառ», «սքանչելի», «նորարարական», «ներշնչող», «ֆենոմենալ», «բացառիկ»: Երկրորդում` «հիասթափեցնող», «տագնապալի», «անհույս», «միջակ», «անընդունելի» եւ դրա նման բառեր:
Վինկերսը համարում է, որ այս միտումն արտացոլում է ոչ թե գիտական առաջընթացն ու ցնցող բացահայտումների թվի աճը, այլ սենսացիաների հակումը եւ ստացված արդյունքները չափազանցնելը:






