Գրիպի վիրուսների աճն ապահովող հատուկ մոլեկուլները կարող են դառնալ գրիպի բուժման նոր մեթոդների ստեղծման բանալին: Այս մասին հայտնում են Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի ու Գերմանիայի հետազոտողները:

Վերջերս մասնագետները  նկատում են, որ գրիպի որոշ վիրուսներ կայուն են դառնում գոյություն ունեցող դեղամիջոցների նկատմամբ, ինչի հետեւանքով շատ հիվանդների կյանքեր վտանգվում են: Հիմա հետազոտողների միջազգային խումբը ուշադրություն է դարձրել 20 առայսօր անհայտ մոլեկուլների վրա, որոնք իրենց դերակատարումն ունեն վիրուսների աճի հարցում: Դրանց միջոցով հնարավոր է բացահայտել գրիպի բուժման ավելի արդյունավետ մեթոդներ ստեղծելու գաղտնիքը:

Երբ վիրուսը սկսում է արագ բազմանալ մարդու շնչառական համակարգում, նրա մոտ գրիպ է սկսվում: Այս գործընթացում շատ բան է պայմանավորված այսպես կոչված «տիրոջ մոլեկուլներով»: Վիրուսը կանգնեցնելու նպատակով այդ գլխավոր մոլեկուլները հայտնաբերելու ու արգելափակելու փորձեր առաջ էլ են ձեռնարկվել, բայց ապարդյուն:

Իսկ հիմա գիտնականները կարող են օգտագործել «տիրոջ» 20 նոր սպիտակուցներ, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը: Այդ սպիտակուցներից մեկն է UBR4-ն: Այն անհրաժեշտ է, որպեսզի վիրուսը վիրուսային սպիտակուցները փոխանցի բջջային մեմբրաններին ու նոր մասնիկներ ստեղծի: Ազդելով UBR4–ի վրա, կարելի է վարակված բջիջներում դադարեցնել նոր վիրուսային սպիտակուցների արտադրությունը: Դա արդեն հաջողվել է լաբորատոր մկների վրա փորձերի ընթացքում:

Այսպիսով, տեսականորեն գիտության տրամադրության տակ է հայտնվել գրիպի բուժման կատարելապես նոր միջոց, որը մոլեկուլային մակարդակով է գործում: Նշենք, որ չնայած գրիպը շատերի կողմից թեթեւ հիվանդություն է համարվում, բայցեւանպես այն տարեկան հարյուր հազարավոր կյանքեր է խլում: