Օրական ընդամենը մի խնձոր ուտելը կօգնի ազատվել ավելորդ քաշի ճարպային նստվածքից, ինչպես նաեւ մեծացնել մկանային զանգվածը: Այդ մասին պատմում են Այովայի համալսարանի աշխատակիցները:
Քրիստոֆեր Ադամսի ղեկավարած մասնագետների խումբը դիտարկման ընթացքում նկատել է, որ կանոնավոր կերպով խնձոր օգտագործող մարդկանց մոտ աճում է մկանային զանգվածը` օրինաչափորեն կրճատելով ճարպային նստվածքի մակարդակը:
«Խնձորային սննդակարգը նպաստում է մկանային զանգվածի մինչեւ 15 տոկոս աճին, իսկ մարդու մարմնում ճարպը կրճատվում է մինչեւ 50 տոկոս», - տեղեկացրել են հետազոտության հեղինակները:
Ի սկզբանե գիտնականներն այնպիսի բաղադրիչներ էին փնտրում, որոնք պաշտպանեին մկանային ձեւախեղումից` երեւույթ, որին վաղ թե ուշ բախվում է ամեն մարդ կամ հիվանդության հետեւանքով, կամ` տարիքի: Այդ խնդրի լուծման բժշկական մեթոդ գոյություն չունի: Բայց, ինչպես պարզվել է, խնձորներն օգնում են մարմինը ճկուն եւ ձիգ պահել: Խնձոր օգտագործելու հետ կապված` մկանային զանգվածի աճը հետազոտողները վերագրում են ուրսոլային թթվի ազդեցությանը, որն այդ մրգի կազմի մեջ է մտնում: Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ ուրսոլային թթուն մեծացնում է մկանային աճը խթանող ազդակների ակտիվությունը, իսկ մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ ուրսոլային թթվի ընդունումը նպաստում է դարչնագույն ճարպի աճին եւ սպիտակ ճարպի կրճատմանը` այդպիսով ապահովելով նիհարումը:
Հետազոտության հեղինակները նաեւ տեղեկացրել են, որ խնձորներն օգնում են արյան մեջ նվազեցնել խոլեստերինի, շաքարի մակարդակը եւ վնասակար ճարպաթթուների քանակությունը:






