Անկայուն արյունատար անոթները խախտում են արյան հոսքը ուղեղ, ինչը կարող է նյարդաբանական փոփոխություններ առաջ բերել եւ աուտիզմի հանգեցնել: Այդ մասին տեղեկացնում են Նյու Յորքի համալսարանի գիտնականները: 

Ավելի վաղ աուտիզմը կապվել էր մարդու նյարդաբանական առանձնահատկությունների հետ, որոնք նրա մեջ դրվում են դեռեւս մոր արգանդում, սակայն այժմ գիտնականներն առաջին անգամ աուտիզմը կապել են անոթային համակարգի անկայուն աշխատանքի հետ: 

Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ աուտիզմով մարդիկ սովորաբար անկայուն արյունատար անոթներ ունեն, որոնք խախտում են արյան հոսքը ուղեղ: Դա սահմանափակում է տվյալ օրգանի նյարդաբանական գործառույթները, ինչը կարող է աուտիզմի հանգեցնել: Տվյալ բացահայտումը աուտիզմի բուժման արմատականորեն նոր մեթոդների տեսական հնարավորություն է տալիս:   

«Սովորական ուղեղում արյունատար անոթները կայուն են, ինչը կանխարգելում է այդ օրգանի արյան մատակարարման խախտումը, բացատրել է հետազոտության հեղինակ բժիշկ Էֆրաին Ազմիտան: Աուտիստի ուղեղում արյունատար անոթների բջջային կառուցվածքն անընդհատ փոխվում է, ինչը հանգեցնում է շրջանառության խախտման եւ որոշակի նյարդաբանական սահմանափակումների»:

Տվյալ եզրահանգումները գիտնականները ստացել են ուղեղի նմուշների պաթոլոգաանատոմիական հետազտությունների հիմքի վրա: Ուղեղի որոշ հյուսվածքներ վերցվել են սովորական հիվանդներից, իսկ մյուսները` նրանցից, ում մոտ ավելի վաղ աուտիզմ են ախտորոշել: Դիտելի ապագայում հետազոտողներն ուզում են պարզել, թե հնարավո՞ր է ազդել տվյալ գործընթացների վրա: