Ծորակի մեկ բաժակ սովորական ջուրը մոտավորապես տասը միլիոն անվնաս մանրէ է պարունակում, որոնցով զգալիորեն պայմանավորված է այդ ջրի մաքրությունն ու որակը: Խողովակներում ու ջրի հաշվիչներում ապրող՝ առայսօր գրեթե անհայտ էկոհամակարգերը բացահայտել են Շվեդիայի Լունդսկի համալսարանի միկրոկենսաբանները: Նրանց աշխատանքը հրապարկվել է Microbes and Environments ամսագրում:
«Սովորոբար դուք խմելու ջրում ոչ մի մանրէ չեք տեսնում, բայց ԴՆԹ վերծանման ժամանակակից մեթոդների շնորհիվ մենք յուրաքանչյուր միլիլիտրում ութսուն հազար մանրէ տեսանք»,- նկատել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Քեթրին Փոլը:
Փոլն ու նրա գործընկերները Հարավային Շվեդիայում ուսումնասրել են ջրատար խողովակների ներսի կողմը ծածկող կենսաբանական թաղանթների միկրոբային կազմը: Առհասարակ հում ջրի հետ շփվող բոլոր մակերեսները ծածկված են նման մանրէաբանական կենսաբանական թաղանթներով:
Ի վերջո հետազոտողներին հաջողվել է բազմաթիվ մանրէաբանական միացություններ բացահայտել: Ընդ որում, ինչպես պարզվել է,խմելու ջրի որակի ու դրանում այս կամ այն անվնաս միկրոօրգանզիմների գերակայության միջեւ բացահայտ կապ կա: Օրինակ այնտեղ որտեղ ծորակի ջրի որակից գանգատներ չկային, խողովակներում ու հաշվիչներում հիմնականում բնակվում էին Proteobacteria եւ Sphingomonadaceae խմբերի մանրէներ: Իսկ այնտեղ, որտեղ ջրում երկաթի ու մարգանեցի բարձր պարունակություն կար, այդ միկրոօրգանիզմների քանակը շատ ավելի քիչ էր, ու գերակշռում էին Nitrospira եւ Pedomicrobium մանրէները:
Գիտնականները ենթադրում են, որ խմելու ջրի զտումը կատարվում է ոչ միայն զտող սարքավորումների շնորհիվ, հենց խողովակներում բնակվող մանրէներն են իրենց վրա վերցնում այդ ծանրաբեռնվածության զգալի մասը:
«Մենք կասկածում ենք, որ օգտակար մանրէները օգնում են մաքրել ջուրը ու պահպանել դրա որակը, այնպես ինչպես մեր օրգանիզմում է կատարվում: Մեր աղիները լի են մանրէներով, դրանք օգնում են մարսել սնունդը ու պայքարել հիվանդությունների դեմ,- պարզաբանել է Փոլը,- Սա նշանակում է, որ մենք կարող ենք ազդել խմելու ջրի քիմիական կազմի ու որակի վրա՝ աջակցլով այս կամ այն մանրէների բազմացմանը»:






