Միայն մեկ մասնագետ պիտի իրավունք ունենա հակաբիոտիկներ նշանակել` վարակաբանը: Նման մոտեցումը կարող է օգնել խուսափել հակաբիոտիկների սխալ օգտագործումից եւ նվազեցնել մանրէների մեջ հակաբիոտիկակայունության զարգացումը: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Վարակիչ հիվանդությունների մասնագետը կարող է ճիշտ ճանաչել այդ հիվանդությունները եւ որոշել, թե ճշգրիտ որ հակաբիոտիկները կարող են օգնել հաղթահարել այն: Սեփական որոշմամբ կամ ինչ-որ մեկի խորհրդով, առանց բժշկին հարցնելու, հակաբիոտիկներ ընդունելը շատ վտանգավոր է, հիշեցնում է մասնագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում շատ մարդիկ սեփական հայեցողությամբ գնում եւ օգտագործում են հակաբիոտիկներ, չնայած իրականում այդ դեղերի կարիքը գուցե չունեն: Ավելին` ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում մարդկանց երկու երրորդը համոզված է, որ գրիպը հակաբիոտիկներով են բուժում (դա իհարկե սխալ է, որովհետեւ գրիպը վարակիչ հիվանդություն է, իսկ հակաբիոտիկները կարող են միայն մանրէներ ոչնչացնել):
Ամբողջ աշխարհում հակաբիոտիկների սխալ օգտագործման հետեւանքով առկա է հակաբիոտիկակայունության խնդիրը. մանրէները մուտացիա են ապրում, սովորում են դրանց եւ դրանց նկատմամբ անզգա են դառնում: Այսօր Չինաստանում արդեն աղիքային ցուպիկի վեց շամ կա, որոնք կայուն են հայտնի ԲՈԼՈՐ հակաբիոտիկների դեմ, նույնիսկ այսպես կոչված վերջին գծի դեղամիջոցների: Ավելին, այդ սուպերմանրէներն արդեն Չինաստանից Եվրոպա են հասել:
Մասնագետները պնդում են, որ եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, մոտ ապագայում սովորական մանրէածին վարակները դարձյալ կսկսեն սպանել մարդկանց, իսկ հակաբիոտիկակայունությունն անհամեմատ ավելի արագ կտարածվի, քան նոր դեղեր կստեղծվեն:






