Յորքշիրից ամուսինները Մեծ Բրիտանիայում կլոնավորված քոթոթների առաջին տերերը կդառնան. դրանք աճեցվել են գենետիկական նյութից, որը վերցվել էլ մեռած շնից, նրա մահից 12 օր անց:
Լարա Ժակը (Laura Jacques) եւ ամուսինը` Ռիչարդ Ռեմդեն (Richard Remde) ինը տարի ապրել են Դիլան անունով բոքսեր շան ընկերակցությամբ, որն այս տարվա ամռանը մահացել է ուղեղի անբուժելի ուռուցքից եւ դրանով պայմանավորված սրտի կաթվածից:
Ամուսինները որոշել են դիմել հարավկորեական Բիոտեխնոլոգիական հետազոտությունների Sooam հիմնադրամին, որն արդեն գրեթե 10 տարի է` զբաղվում է կենդանիների առեւտրական կլոնավորմամբ: Այդ ընթացքում ընկերության մասնագետներն ավելի քան 700 կլոնավորված շուն են աճեցրել եւ ինը այլ կենդանի:
Դիլանի «պատճենների» հիմնական տարբերությունն այն է, որ դրանց աճեցման համար գենետիկական նյութը վերցվել է ոչ թե բոքսերի մահից անմիջապես հետո, այլ սրտի կաթվածից եւ մահից 12 օր անց:
Գիտնականները Ժակին եւ Ռեմդեին զգուշացրել էին, որ այս դեպքում հաջողությունը բոլորովին էլ երաշխավորված չէ, բայց հրաշք եղավ եւ կորեացի գենետիկները կարողացան լիարժեք սաղմ աճեցնել եւ այն ներմուծել փոխնակ մոր արգանդ: Ինչպես ակնկալում են գենետիկները, Դիլանի «պատճենները» աշխարհ կգան բոքսեր շների օրը, այն է` դեկտեմբերի 26-ին:
Այդ գործընթացը ամուսնական զույգի համար 67 հազար ֆունտ է արժեցել:






