Գրեթե բոլոր կանայք հղիության ընթացքում գիրանում են: Բայց քանի՞ կիլոգրամ կարելի է գիրանալ, որպեսզի ավելորդ քաշը սպառնալիք չդառնա մոր ու պտղի համար:
ԱՄՆ մանկաբարձների կարծիքով, հղիության ընթացքում քաշի համարժեք ավելացումը շատ կարեւոր է մոր ու ապագա երեխայի առողջության համար: Սակայն քաշի աննորմալ տատանումները երկարաժամկետ բացասական ազդեցություն են թողնում երկուսի առողջության վրա:
Լավագույն տարբերակն այն է , որ կինը դեռ մինչեւ հղիանալը ու հղիության ամբողջ ընթացքում խստորեն վերահսկի իր քաշը: Հենց այդ պատճառով էլ այդ ժամանակահատվածում ավելի լավ է նախապես խորհրդակցել գինեկոլոգի, մանկաբարձի կամ էլ ընտանեկան բժշկի հետ: Հնարավոր է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում կբացահայտվեն խնդիրներ, որոնք ավելի լավ է դեռ մինչեւ հղիանալը լուծել:
Բժշկուհի Աննա Քեյ Թեյլոր Քրիսմասը հավաստիացնում է, որ հղիության ընթացքում քաշի ավելացման թույլատրելի սահմանը պայմանավորված է հղիությունից առաջ կնոջ ունեցած քաշով:
1. Եթե մինչեւ հղիանալը քաշը նորմայից ցածր է, հղիության ընթացքում կարելի է ու նույնիսկ պետք է 12-18 կգ քաշ հավաքել:
2. Եթե քաշը նորմայի մեջ է, կողմնորոշվեք 11-15 կգ սահմանով
3. Եթե մինչեւ հղիությունը ավելորդ քաշ ունեք, ձեզ խորհուրդ է տրվում 5-11 կգ-ից ավել չգիրանալ:
4. Եթե ճարպակալում կա՝ ապա թույլատրելի է 4-9 կգ-ից ոչ ավելին:
Այն կանանց համար, ովքեր երկվորյակների են սպասում, նորմալ է համարվում եւս 7 կիլոգրամով քաշի ավելացումը: Շատ կարեւոր է այդ ժամանակաշրջանում առողջ քաշը պահպանել՝ հետեւելով հավասարակշռված դիետայի, որը բաղկացած է զանազան սննդարար նյութերից՝ ճիշտ համամասնություններով:
Մասնագետների խոսքով, շատ կարեւոր է հղիության ընթացքում պահպանել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ:
Հղիության ընթացքում հավաքած քաշի ավելցուկը ավելացնում է երեխայի մոտ քաշի պակասի կամ էլ ավելցուկի վտանգը: Այդուհանդերձ, կանայք չպետք է հղիության ընթացքում նիհարելու նպատակով դիետայի պահպանեն, քանի որ դա բացասաբար կանդրադառնա երեխայի ուղեղի զարգացման վրա:






