Ի՞նչ ըմպելիքներով է նախընտրելի զարդարել տոնական սեղանը: Ո՞ր ըմպելիքներն են առհասարակ ավելի օգտակար առողջության համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս հարցերին պատասխանել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:
1 Ջուր
Ջուրը լավագույն ըմպելիքն է ծարավը հագեցնելու համար, հավաստիացնում է մասնագետը: Ոչ մի այլ ընպելիք, նրա խոսքով, չի կարող այդպես հաղթահարել ծարավը, ինչպես մաքուր ջուրը: Ամանորյա սեղանին իհարկե կարելի է նաեւ հանքային ջուր դնել, բայց ամենասովորական ջուրը նույնպես պետք է տեղ գտնի սեղանի վրա:
2. Թարմ հյութեր
Թարմ հյութերը նույնպես շատ լավ ու օգտակար ըմպելիք են համարվում, հատկապես հիմա՝ ձմռանը, երբ մեր օրգանիզմը վիտամինների ու միներալների կարիք ունի: Իհարկե, այդ հյութերում բջջանյութ գրեթե չկա, բայց դրանք վիտամինների լավ աղբյուր են, եթե իհարկե պատրաստված են թարմ մրգերից ու բանջարեղենից: Շշալցված հյութերը՝ իբրեւ բնական, այս շարքին չենք դասում:
3. Թան
Շատ հայերի կողմից այդքան սիրված թանը նույնպես լավ ու օգտակար ըմպելիք է: Սակայն, ինչպես նշեց Հայկ Մանասյանը, ցանկալի է, որ թանն առանց աղի լինի: Բանն այն է, որ թանը պարունակում է աղիքների համար օգտակար մանրէներ, եթե իհարկե այն պատրաստված է բնական, «կենդանի» մածունից, որի մեջ կայունացուցիչներ չկան: Սակայն եթե այդ թանի մեջ աղ ենք լցնում, շատ օգտակար մանրէներ պարզապես ոչնչանում են, ու թանը կորցնում է իր օգտակարության մեծ մասը:
Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում խմել անալի թան, մասնագետը խորհուրդ է տալիս փոքր քանակության աղ ավելացնել խմելուց անմիջապես առաջ: Իսկ պատրաստի թանի մեջ աղ լցնելն ու այն մինչեւ գործածումը սառնարանը դնելը միանշանակ սխալ է:






