Կողային ամիոտրոֆիկ սկլերոզի՝ նեյրոնների դեգրադացիայի եւ կաթվածի առաջացման պատճառը կարող է լինել SOD1 մուտանտ սպիտակուցի կուտակումը։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Քարոլինիայի համալսարանին  կից Բժշկական դպրոցի՝ Նիկոլայ Դոխոլյանի ղեկավարած գիտնականների խումբը։

Այն մասին, որ SOD1 սպիտակուցը կապ ունի Կողային ամիոտրոֆիկ սկլերոզի հետ, հայտնի էր վաղուց, սակայն հետազոտողները չէին  հասկանում, թե կոնկրետ ինչպես է այն առաջ բերում նեյրոնների քայքայում։

Կողային ամիոտրոֆիկ սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդություն է, որն առաջ է բերում վերջույթների կաթված եւ մկանների ատրոֆիա (ապաճում)։ Այդ հիվանդությամբ տառապող ամենահայտնի մարդկանցից է բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը։

Գիտնականները, օգտագործելով համակարգչային մոդելավորումն ու այլ մոտեցումներ, կարողացել են պարզել SOD1-ի կառուցվածքը եւ հասկանալ, թե ինչպես է դրա աշխատանքի վրա ազդում մուտացիան։ Պարզվում է, որ մուտանտ սպիտակուցը ձեւավորում է տրիմերներ՝ 3 մոլեկուլից բաղկացած կոմպլեքսներ, որոնք եւ քայքայում են շարժողական նեյրոնները։ Այդ ամենը հանգեցնում է ոչ միայն շարժողունակության, այլ նաեւ խոսելու, կուլ տալու եւ շնչելու ունակության կորստի։ Նման կայուն կոմպլեքսներ ձեւավորում են միայն մուտանտ սպիտակուցները։

Հեղինակները ենթադրում են, որ հիմա, երբ իրենք հասկանում են, թե ինչպիսին է թունավոր սպիտակուցի կառուցվածքը, հնարավոր է սկսել այդ տրիմերների վրա ազդող դեղամիջոցների մշակումը։

Հետազոտողները հույս ունեն, որ արդյունքները պիտանի  կլինեն ոչ միայն Կողային ամիոտրոֆիկ սկլերոզի,այլ նաեւ ուրիշ նյարդադեգեներատիվ հիվանդությունների, օրինակ, Ալցհեյմերի դեմ պայքարելու  համար։