Վերջերս մեծ ժողովրդականություն  վայելող օրգանիզմի   «դետոքսիկացիան»` կուտակված տոքսիններից ազատումը, իրականում ժամանակի եւ փողի ավելորդ ծախս է, պնդում են մասնագետները:  

Դետոքսիկացիայի կողմնակիցները պնդում են, որ անհրաժեշտ է օրգանիզմը մաքրել կուտակվող տոքսիններից: Նրանք դա անելու բազմաթիվ միջոցներ են առաջարկում` քաղցելուց եւ սննդից որոշ մթերքներ բացառելուց մինչեւ ջրով կիտրոնի հյութի մեծ քանակություն: Սակայն այդ ամենը, ինչպես բացատրել է Քուինսլենդի համալսարանի բժիշկ Վերոնիկա Չաչայը, ընդամենը ուժի եւ ժամանակի ավելորդ ծախս է, որովհետեւ օրգանիզմը սովորաբար ինքն իրեն մաքրում է: 

Բժշկության մեջ դետոքսիկացիան նշանակում է շնչուղիներով  օրգանիզմ ներթափանցած թույների ու թունանյութերի հեռացում: Դետոքսիկացիան անհրաժեշը է լինում այն դեպքում միայն, երբ ինքը օրգանիզմը չի կարող այդ նյութերը դուրս հանել մաշկի, լյարդի, լեղապարկի, երիկամների  (մեզի հետ), թոքերի, ավշային համակարգի եւ աղիքների  (արտաթորանքի հետ) միջոցով: Սովորաբար դետոքսիկացիայի անհրաժեշտություն է առաջանում լուրջ, ծանր թունավորումների դեպքում: 

Տոքսինների ու շլակների մեծ մասը, որոնք առաջանում են սովորական կենսագործունեության հետեւանքով, օրգանիզմն ինքն էլ հաջողությամբ դուրս է հանում: Իսկ եթե թունավորվում է ավելի լուրջ թունանյութերով, ապա այն դուրս հանելու համար լուրջ դետոքսիկացիա է անհրաժեշտ, ոչ թե կիտրոնի հյութ եւ քաղցել: 

Եթե ուզում եք թեթեւացնել ձեր օրգանիզմի ամենօրյա աշխատանքը եւ այնպես անել, որ ավելի քիչ տոքսիններ կուտակվեն, ջանացեք ալկոհոլ չօգտագործել, ինչպես նաեւ զերծ մնացեք տապակած սննդից ու շոկոլադից: Ինչ վերաբերում է օրգանիզմը տոքսիններից ու շլակներից  այսպես կոչված մաքրման համակարգերին, որոնք այսօր այնքան լայնորեն գովազդվում են, դրանց արդյունավետությունը, մասնագետի խոսքով, չի ապացուցվել գիտական հետազոտությամբ: