Կանադացի եւ Իսրայելցի գիտնականները հերքել են ընդունված առասպելն այն մասին, թե մեր աղիքներում եւ մարմնի այլ մասերում մանրէների թիվը 10 անգամ ավելի շատ է, քան մարդու օրգանիզմում բջիջների քանակը: Այդ մասին ասված է Քոլդ-Սփրինգ-Արբոր լաբորատորիայի էլեկտրոնային գրադարանում հրապարակված հոդվածում:
«Օրգանիզմում բջիջների եւ մանրէների քանակը մոտավորապես հավասար է եւ աղիքների ամեն դատարկում որպես կանոն հանգեցնում է նրան, որ մեր բջիջները ժամանակավորապես առավելություն են ստանում մանրէների հանդեպ», — ասվում է հոդվածում:
Ռեխովոտում (Իսրայել) Վայցմանի անվան գիտության ինստիտուտից Ռոն Զենդերը (Ron Sender) եւ իր գործընկերները այդ եզրակացության են հանգել, երկրորդ անգամ հաշվելով միջին քաշի եւ հասակի մարդու օրգանիզմում բջիջների եւ մանրէների թիվը` գնալով այն հայտնի փորձարկումների հետքերով, որոնք 1972-ին իրականացնում էր այժմ հայտնի միկրոկենսաբան Թոմաս Լաքին (Thomas Luckey): Այն ժամանակ նրա հաշվարկները ցույց էին տվել, որ մարդկային մարմինն իր մեջ մոտավորապես 10 անգամ ավելի շատ օգտակար եւ հիվանդածին մանրէ է պարունակում, քան բջիջները, ինչն աղիքների միկրոֆլորայի եւ մեր մարմնի փոքրագույն բնակիչների ուսումնասիրման հսկայական հետաքրքրություն առաջացրեց:
Զենդերի խումբը տասնյակ այլ հրապարակումներ է ուսումնասիրել, ինչպես նաեւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով տարբեր օրգաններում բնակչության «խտության» գնահատականներ է ստացել: Դրանց հաշվարկները ցույց են տվել, որ մարդու մարմինն իր մեջ մոտ 30 տրլն բջիջ է պարունակում, որոնց առյուծի բաժինը` 24 տրլն, էրիթրոցիտներ են: Մեկ տրլն էլ տրոմբոցիտներն են կազմում, իսկ մնացած ամբողջ մարմինը ընդամենը երեք տրլն բջիջ է պարունակում:
Պարզվել է, որ մանրէների թիվը` 39 տրլն, անհամեմատ ավելի փոքր է, քան Լաքիի կանխատեսածը: Դա կապված է նրա հետ, որ ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Լաքին միկրոֆլորայի գնահատման սխալ մեթոդիկա է օգտագործել` սխալմամբ համարելով, որ բարակ աղիքում մանրէների «բնակչության խտությունը» մոտավորապես նույնպիսին է, ինչպիսին հաստ աղիքում, ինչը բոլորովին այդպես չէ:
Այսպիսով` մանրէներն իրականում ոչ թե 10 անգամ են շատ բջիջներից, այլ ընդամենը 1,3 անգամ, ինչը հերքում է մարդու մարմնում մանրէների «տիրապետման» բազմամյա առասպելը:






