Ամանորի տոների ընթացքում մեզանից շատերը ոչ այնքան օգտակար սնունդ են ընդունում, շատ աղ եւ շաքար: Նման սննդից հետո օրգանիզմի մաքրմանը կարող են օգնել բեռնաթափման օրերը:
Դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ բեռնաթափման օրերն իրոք կարող են օգտակար լինել, եթե իհարկե մարդը ոչ մի հիվանդություն կամ հակացուցում չունի:
Բեռնաթափման օրերի տարբերակներից մեկը քաղցելն է, որի շրջանակում մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ է միայն ջուր խմել: Սակայն այդ տարբերակը հարմար է միայն նրանց, ով արդեն սովորել է նման բեռնաթափումների եւ դիսկոմֆորտ չի զգա: Ջուրը կօգնի մաքրել օրգանիզմը եւ դրանից դուրս կբերի ավելորդ նյութերն ու թունանյութերը: Նման բեռնաթափում, մասնագետի խոսքով, կարելի է անել ընդամենը շաբաթը մեկ անգամ կամ ամիսը 2 անգամ, եթե իհարկե որեւէ հակացուցում չկա:
Բեռնաթափման մյուս տարբերակը բրնձային բեռնաթափումն է: Դրա շրջանակում ընդամենը մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ է միայն բրինձ ուտել, որը եփվել է առանց աղի: Նման բեռնաթափումը հատկապես հարմար կլինի այն մարդկանց, որոնց մոտ աղի եւ քաղցր սննդի հետեւանքով այտուցում է առաջացել եւ օրգանիզմում ջուր է կուտակվել: Բրինձը շատ կալիում է պարունակում, ինչի շնորհիվ այն կօգնի օրգանիզմից հանել ավելորդ հեղուկը: Սակայն շատ կարեւոր է, որ բրինձն առանց աղի լինի, որովհետեւ աղը նպաստում է օրգանիզմում ջրի կուտակմանը:
Իսկ եթե դուք բրինձ չեք սիրում, հատկապես` առանց աղի, կարելի է մտածել մրգային բեռնաթափման մասին եւ ամբողջ օրվա ընթացքում ուտել, օրինակ, խնձոր, որը տարածված կարծիքին հակառակ, բոլորովին էլ վնասակար չէ ստամոքսի համար (եթե ստամոքսն առողջ է):
Մասնագետը հիշեցրել է, որ բեռնաթափման օրեր խորհուրդ են տրվում սոսկ առողջ մարդկանց, որոնք առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունեն: Եթե դուք ցանկացած հիվանդություն ունեք, բեռնաթափման մասին մտածելուց առաջ, անպայման խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ:






