Մելիոիդոզը մանրէածին վտանգավոր հիվանդություն է, որն ամեն տարի տասնյակ կյանքեր է խլում: Ինչպես տեղեկացնում է Օքսֆորդի համալսարանի եւ Վաշինգթոնի համալսարանի գիտնականների կողմից  Nature Microbiology գիտական ամսագրում հրապարակված հոդվածը, այդ հիվանդությունն անհամեմատ ավելի տարածված է, քան նախկինում ենթադրում էին:  

Մելիոիդոզը (որը հայտնի է նաեւ որպես Ուիթմորի հիվանդություն) ծանր սեպսիս է առաջ բերում, որն ուղեկցվում է ներքին օրգանների եւ հյուսվածքների բորբոքմամբ: Այն տարածվում է burkholderia pseudomallei մանրէի միջոցով, որն ապրում է հողում, իսկ մարդու կամ կենդանու օրգանիզմ կարող է ընկնել փոքրիկ կտրվածքների կամ շնչառության միջոցով: Ամենից հաճախ հիվանդությունը վնասում է գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին: 

Հիվանդությունը նման է մի քանի այլ մանրէածին վարակի, այդ պատճառով դժվար է այն ախտորոշելը: Դրա բուժումը եւս շատ բարդ է. մելիոիդոզը բուժվում է միայն սահմանափակ թվով հակաբիոտիկներով, իսկ հիվանդությունից մահացության մակարդակը կազմում է մոտ 70 տոկոս. դա ավելին է, քան  որպես թռչնագրիպ հայտնի H5N1 գրիպից մահացությունը:

Համարվում է, որ այդ հիվանդությունը տարածված է միայն Հարավ-Արեւելյան Ասիայում եւ Ավստրալիայի հյուսիսում: Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ հիվանդությունը հանդիպում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Բացի այդ, 45 երկիր, որոնց համար այդ հիվանդությունը տիպական է, նվազեցնում են հիվանդացման տվյալները, համարում են փորձագետները: Բացի այդ, 32 երկրում, որոնք երբեք չեն հաղորդել վարակման մասին, իրականում կանոնավոր կերպով գրանցվում են նման դեպքեր: 

Բրիտանացի գիտնականների գնահատականով, 2015-ին մելիոիդոզից 89 000 մարդ է մահացել, իսկ ընդհանուր առմամբ դրանով հիվանդացել է երկրագնդի մոտ 165 000 բնակիչ: Համեմատության համար, մարդկանց մոտավորապես համանման քանակություն ամեն տարի մահանում է կարմրուկից (95 000 մարդ), իսկ աղմուկ հանած Դենգե տենդից` ընդամենը 12 500 մարդ: